Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հայտնաբերել են բրազիլացուն, ուկրանիացուն, ռուսին

Փրկարարները հայտնաբերել են բրազիլացուն, ուկրանիացուն, ռուսին

460
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 150 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում՝ 350 հա, Թալին-Ցամաքասար ավտոճանապարհի մոտակայքում՝ 35 հա, Կոտայքի մարզի Ֆանտան-Հրազդան հին ավտոճանապարհի մատույցներում՝ 14 հա, Եղվարդ համայնքում՝ 30 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 15 հա, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում՝ 7 հա, Արարատի մարզի Լուսաշող գյուղում՝ 25 հա, Տավուշի մարզի Աչաջուր համայնքում՝ 10 հա, Շիրակի մարզի Շիրակ գյուղում՝ 25 հա եւ այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Նոր Նորք, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանների փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 6 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գայի պողոտայի շենքերից մեկում կասկածել փաթեթ կա: Դեպքի վայր հասած փրկարարները բացել են փաթեթը եւ հայտնաբերել տոնածառի փայլեր: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հրազդան կիրճի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում, քաղաքացիները մնացել են ձորակում, չեն կարողանում դուրս գալ: Հրշեջ-փրկարարները երկու տղամարդու հանել են կիրճից: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Խանջյան փողոցում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է Գետառը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները 48-ամյա տղամարդուն դուրս են բերել գետառից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է: Կոտայքի փրկարարները եւ երկու որսորդ Գեղամա սարերում մոլորված բրազիլացուն գտել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: Իսկ Արագածոտնի փրկարարները Արագած գյուղի մոտակայքում մոլորված ուկրանիացուն եւ ռուսին են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք: Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Որոտան գյուղի ոլորաններում արկ կա: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հումանիտար ականազերծման կենտրոնի զինծառայողները պայթեցրել են 125 մմ տրամաչափի հակատանկային ականը: Արարատի փրկարարները Երեւան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող ջրանցքից դուրս են բերել 2 խոշոր եղջերավոր կենդանի: Իսկ Կոտայքի փրկարարները Արամուս գյուղում մոտ 2,5 մետր խորությամբ փոսից են հանել խոշոր եղջերավոր կենդանուն: