Գլխավոր Նորություններ Ստեփանավանի պարանային այգին արդեն այցելուներ է ընդունում (լուսանկարներ)

Ստեփանավանի պարանային այգին արդեն այցելուներ է ընդունում (լուսանկարներ)

2443
Տարածել

Հայաստանի ամենամեծ՝ Ստեփանավանի պարանային այգին արդեն ընդունել է առաջին այցելուներին։ Պաշտոնական բացումը կկայանա մոտ ապագայում։

Այգին նախագծել է շարժական եւ անշարժ կայանների ինժեներ Գեղամ Միրոյանը, որը տասնյակ տարիներ արդյունաբերական ալպինիզմով է զբաղվում։

300 մետրից ավելի ընդհանուր երկարությամբ պարանային այգում կարելի է բազմաթիվ էքստրեմալ երթուղիներ փորձարկել՝ զիփլայն, շարժվող գերաններ, ճոճվող կամուրջներ, սարդոստայն եւ այլն։ Գործում է արգելքների հաղթահարման երկու հարթակ՝ մոտ 3,7 եւ 7 մետր ռելիեֆային բարձրության վրա։ Վերջինս իր բարդությամբ չի զիջում զինվորական ֆիզպատրաստության համար կիրառվող արգելքների գծաշարին, պահանջում է ֆիզիկական ուժի եւ կոորդինացիայի հավասարակշռում, տրամաբանություն։ «Նոր էքստրեմալ սպորտաձեւ ենք ներառել՝ «Վիա ֆերրատան»․ այցելուն հորիզոնական, տեղ-տեղ՝ ուղղահայաց  դիրքով փորձում է շրջանցել ժայռը։ Այս դեպքում ժայռի փոխարեն արհեստական պատ է, որի վրա կան ոտնակներ»,- մանրամասնում է մասնագետը։

Պարանային այգուց օգտվելու համար ֆիզիկական հատուկ պատրաստություն պետք չէ, իսկ տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն վայելել զիփլայնով վայրէջք 11 մետր բարձրությունից։ Կարեւորը՝  հաղթահարել վախը եւ անել առաջին քայլը։

Գեղամ Միրոյանի խոսքով՝ էքստրեմալ ժամանցի վայրերում անվտանգությունն առաջնահերթություն է։ Նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր հնարավոր վտանգները․ գույքը որակյալ է, ճոպանը՝  հուսալի, նախատեսված 5 տոննա ծանրություն պահելու համար։ Այգու հրահանգիչներն անցել են դասընթացներ։ Երթուղուց սայթաքելու դեպքում այցելուն վստահաբար ապահովված է վայր ընկնելուց։  Մյուս երաշխիքը, ինժեների կարծիքով, հանգույցներն են, որոնք ոչ միայն ամուր, այլեւ գեղեցիկ պետք է լինեն։

Առաջիկայում Ստեփանավանի պարանային այգում նախատեսվում են միջոցառումներ, մրցումներ, որոնք կկոփեն հատկապես երեխաներին եւ դպրոցականներին, խթան կդառնան սպորտով զբաղվելու համար։ Կլինեն նաեւ կրթական-հետախուզական խաղեր, որոնք մեծ տարածում ունեն արտերկրում։ Գեղամ Միրոյանը նշում է՝ Լոռվա կլիմայական պայմաններն իդեալական են նման ծրագրեր իրագործելու համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Լոռէ» փրկարար ջոկատը