Գլխավոր Միջոցառումներ 500 պարտավորություն ընդդեմ գլոբալ տաքացման

500 պարտավորություն ընդդեմ գլոբալ տաքացման

752
Տարածել

2015-ի դեկտեմբերի 1-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիային միացած պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում էր 196 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ընդունվեց համաձայնագիր, որով երկրները պարտավորվեցին կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, անցնել կանաչ տեխնոլոգիաների, իրականացնել անտառապահպանման եւ անտառվերականգնման աշխատանքներ եւ այլն:

Միջազգային այս հավաքից հետո նույն թեմայով բազմաթիվ աշխատաժողովներ եւ համաժողովներ են անցկացվել: ՄԱԿ-ը բոլոր պետություններին քանիցս կոչ է արել անցնել կանաչ տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգիայի:  Երեք օր առաջ ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքում ավարտված Կլիմայի համաշխարհային գագաթաժողովում երկրները պարտավորվել են իրականացնել 500 հստակ քայլ: Եթե այս խոստումը կատարվի, ապա արդեն 2030 թվականին աշխարհում կստեղծվի 65 միլիոն նոր աշխատատեղ: Իսկ եթե պարտավորությունները չկատարվեն, բարձր ջերմաստիճանով պայմանավորված աշխատանքի արտադրողականության մակարդակի նվազումը աշխարհին տարեկան 2 տրիլիոն ԱՄՆ դոլարի վնաս կտա:

«Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Պատրիսիա Էսպինոսը հայտարարել է, որ նոր պարտավորությունը երկրներին թույլ կտա գործել առավել վճռական եւ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը պահել 1,5 Ցելսիուսի սահմաններում՝ ինչը ամրագրված է փարիզյան համաձայնագրով: «Կլիմայի փոփոխությունը մի թշնամի է, որին մենք մեր ձեռքերով ենք ստեղծել: Հիմա այդ թշնամին սպառնում է մեզ ոչնչացնել: Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն միջազգային մակարդակով: Հենց այս նպատակով էլ ստորագրվել է փարիզյան համաձայնագիրն ու երկրները պարտավորություններ են ստանձնել», — հայտարարել է Պատրիսիա Էսպինոսը:

Սան-Ֆրանցիսկոյում ընդունված 500 պարտավորությունը վերաբերում է կանաչ տեխնոլոգիաներին, վերականգնվող էներգիային, հողային, անտառային, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: