Գլխավոր Միջոցառումներ Վարժանք․ Վերահսկվում է անտառային հրդեհների վտանգը

Վարժանք․ Վերահսկվում է անտառային հրդեհների վտանգը

1165
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի պատվիրակությունը դասընթացներ է անցկացնում Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի հետ, իսկ վերջում համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացվելու:

Այսօր՝ Սեպտեմբերի 14-ին անցկացված վարժանքի թեման էր. «Լոռու մարզի անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում»։ Վարժանքին ներկա էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Վարժանքի համար անտառային հրդեհների թեմայի ընտրությունը պատահական չէր․ Լոռու մարզի տարածքի մոտ 27%-ը որակված է միջին դասի հրդեհավտանգ, առկա են անտառներ, թփուտներ, վարելահողեր, խոտհարքներ, արոտներ։ Եվ հենց այս շրջանում ամենից շատ հրդեհի ահազանգեր են գրանցվում։

Ուսումնավարժությունն անցկացվեց 3 փուլով՝ շտաբային եւ գործնական։ Ըստ սցենարի՝ Լոռու մարզային փրկարարական վարչությունը տեղեկություն է ստանում, որ Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի օդաչուները նկատել են հրդեհների օջախներ Լոռու մարզի Վանաձոր, Գուգարք եւ Փամբակ համայնքների միջեւ ընկած հատվածում: Կատարվում է Լոռու մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի անդամների ազդարարում եւ հավաք: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվում է, տեղանքի բարդ ռելիեֆը խոչընդոտում է հրդեհաշիջման ուժերի ու միջոցների մոտեցմանը հրդեհի օջախներին։  Այրվում է մոտ 10 հեկտար չոր խոտածածկույթ եւ մացառներ:

Շտաբային ուսումնավարժության մասնակիցներին տրվեցին միջանկյալ առաջադրանքներ՝ ինչպես համակարգել ճանապարհներին առաջացած խցանումը, հայտնաբերել հրդեհավտանգ գոտում մոլորվածներին, վերականգնել վթարված էլեկտրականությունն ու գազամատակարարումը, տուժածներին ցուցաբերել օգնություն եւ տեղաբաշխել բուժկենտրոններում եւ այլն։

Գործնական մասն անցկացվեց Փամբակ կայարանին հարակից անտառածածկ տարածքում։ Ծավալվեց 12 տեղամաս՝ ղեկավարման շտաբ, տեսակավորման կետ, դաշտային խոհանոց եւ այլն։

Գուգարքի, Վանաձորի թիվ 1  եւ թիվ 2  հրշեջ-փրկարարական ջոկատներն իրականացրին անտառային հատվածի, հրդեհվող բնակելի տան հրդեհաշիջում, վտանգավոր գոտուց տուժածների տեղափոխում գետնանցով եւ առաջին օգնության ցուցաբերում, քլոր տեղափոխող մեքենայի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներ եւ այլն։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնավարժության ընթացքում քննարկումները ցույց տվեցին, որ անտառային հրդեհների դեմ պայքարում մարզի ունեցած միջոցները բավարար չեն, թեպետ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հրշեջ- գնացքը՝ 100 տոննա տարողությամբ եւ 100 մետր շառավղով հրդեհաշիջման հնարավորությամբ, բավական արդյունավետ է դժվարամատչելի հատվածներում գործելու համար։

«Անտառներում շրջիկ խմբերի  անհրաժեշտություն կա․ նման հաստիք կար խորհրդային տարիներին։ Անտառապահը ֆիզիկապես ի վիճակի չէ լիովին ապահովել  տեղանքի հակահրդեհային անվտանգությունը։ Մեկ այլ խնդիր է բնակիչների անզգուշությունը․ չնայած պարբերաբար տարվող բացատրական աշխատանքներին, մարդիկ շարունակում են սխալներ թույլ տալ՝ այրել խոզանը՝ թողնելով կրակն առանց վերահսկողության, ծխախոտի մնացորդները նետել չոր բուսածածկին»,- ասաց վարչության պետը։

Գործնական ուսումնավարժության արդյունքով մասնակիցների պատրաստվածությունը գնահատվեց լավ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ