Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

398
Տարածել

Սեպտեմբերի 6-12-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ: Սեպտեմբերի 9-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն Իրանի Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արեւելք, սեպտեմբերի 10-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի Վան քաղաքից 56 կմ հարավ-արեւմուտք: Սեպտեմբերի 7-ին 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում, Բամ քաղաքից 138 կմ դեպի հարավ-արեւելք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով զոհվել է մեկ եւ վնասվածքներ ստացել 2 մարդ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժ: Սեպտեմբերի 6-ին 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջի կղզում, երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով երեք հետցնցում:

Սեպտեմբերի 7-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էկվադորում:

Սեպտեմբերի 8-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում:

Նույն օրը 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Յուննան նահանգում, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 27 մարդ: Երկրաշարժին հետեւել է ավելի քան 50 հետցնցում, որից մեկը գերազանցել է 5 մագնիտուդը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 15 բնակավայրում: Տարհանվել է ավելի քան 5000 մարդ:

Սեպտեմբերի 9-ին՝ 6,5, իսկ 10-ին՝  6,9 եւ 6,3 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Սողոմոնյան, Կերմադեկ եւ Լոյալթի կղզիների ափամերձ տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ