Գլխավոր Վերլուծություն Պայքար խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ․ մասնագիտական դիտարկում

Պայքար խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ․ մասնագիտական դիտարկում

1196
Տարածել

Աշխարհի տարբեր երկրներում մոլեգնում է խոզերի աֆրիկյան ժանտախտը։ Ռուսաստանի տարածքով կտրելով 2000 կիլոմետր՝ հիվանդությունն արդեն հայտնվել է խոզաբուծության համաշխարհային կենտրոն համարվող Չինաստանում, որտեղ վարակի 13- րդ դեպքն է գրանցվել։ Այս օրերին Միացյալ ազգերի կազմակերպությունն արտակարգ հանդիպում է ունեցել ասիացի կենդանաբույժների հետ, քննարկել հիվանդության  սպառնալիքները, պայքարի միջոցները։

2007 թվականին խոզերի աֆրիկյան ժանտախտը Վրաստանի տարածքով հասավ Հայաստան, Ադրբեջան եւ Ռուսաստան։ 2008 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը պետբյուջեից 480 միլիոն դրամ փոխհատուցում հատկացրեց հիվանդությունից տուժած գյուղացիներին։

2014 թվականի մարտին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի՝ Սպառնալիքների նվազեցման գործակալության ինտեգրող կապալառու CH2MHill ընկերության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որով  կողմերը համաձայնեցին իրականացնել երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի իրավիճակի հետազոտման ծրագիր, մասնավորապես՝ ուսումնասիրել կենդանիների առողջությանը վերաբերող խնդիրները, ստեղծել մեխանիզմ բռնկումների թիվը նվազեցնելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր չեն հայտնաբերվել։ Սակայն գիտնականները զգուշացնում են՝ վտանգ դեռ կա։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ մինչ օրս Ռուսաստանը, Լեհաստանը, Ռումինիան, Չեխիան եւ այլ երկրներ չեն կարողանում հիվանդության դեմն առնել․վիրուսն առաջացնում է կենդանիների ամբողջական անկում։ Տարածողները օրնիտոդորոս տեսակի տզերն են, որոնք ապրում են հիմնականում թռչունների օրգանիզմում։ Ի տարբերություն մյուս մակաբույծերի՝ սրանք բավական կենսունակ են, կարող են ամիսներ շարունակ գոյատեւել թթվածնի սակավության պայմաններում, բացի այդ՝ իրենց կյանքի ցիկլի ընթացքում բազմակի վարակում են խոզերին եւ տարածում վիրուսը։

«Հիվանդության առաջին ախտանշանները նկատվում են վարակվելուց երեք օր անց․ խոզի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, առաջանում են տենդ, ախորժակի կորուստ, թուլություն, կապտուկներ մաշկի վրա, ներքին օրգանների  արյունազեղումներ։ Խնդիրը այն է, որ նույն կլինիկական պատկերը բնորոշ է նաեւ դասական ժանտախտին․ վերջինիս դեպքում գոյություն ունեն պատվաստանյութեր, եւ հնարավոր է փրկել կենդանուն»,- մանրամասնում է  մասնագետը։

Հիվանդության ճիշտ ախտորոշման համար լաբորատոր անալիզ է պետք, որը գյուղացին սովորաբար չի իրականացնում․ չկա պետականորեն հաստատված միասնական ընթացակարգ։

Հովակիմ Զաքարյանը վերհիշում է՝ 2007-2008 թվականներին բռնկված համաճարակի պատճառով Հայաստանի խոզերի գլխաքանակը գրեթե 50 տոկոսով նվազեց, մսամթերքի գինը բարձրացավ։ Միայն 2015 թվականին հնարավոր եղավ վերականգնել կենդանիների նախկին գլխաքանակը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների թիմը տարիներ առաջ սկսեց խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ հակավիրուսային նյութ ստեղծելու փորձեր անել։ Այսօր հաջողվել է ստանալ բուսական ծագման ապիգենին եւ գենիստեին նյութերը, որոնք թիրախավորում են վիրուսների բազմացման գործընթացին մասնակցող սպիտակուցները՝ մինչեւ 1000 անգամ նվազեցնելով դրանց ակտիվությունը։ Հայ գիտնականները մշակել են նաեւ աֆրիկյան ժանտախտի  վիրուսային սպիտակուցի համակարգչային մոդելը, ինչը թույլ է տալիս գտնել քիմիական միացություններ, որոնք կփորձարկվեն լաբորատոր պայմաններում։ Հաջորդ փուլը հակավիրուսային նյութի փորձարկումն է անմիջապես խոզերի վրա, ինչի համար մեծ ֆինանսական միջոցներ եւ համապատասխան պայմաններ են պետք։

«1970-ականներից մարդիկ փորձում են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ ստանալ, սակայն ապարդյուն։ Վիրուսը կենսաբանորեն բարդ է, գոյություն ունեն դրա բազմաթիվ ենթատեսակներ՝ մեկը մյուսից տարբեր։ Պատվաստանյութը կարող է ներգործել միայն մեկ ենթատեսակի վրա, մյուսների հանդեպ կենդանին կշարունակի խոցելի մնալ»,- բացատրում է Հովակիմ Զաքարյանը։

Անդրադառնալով Հայաստանի՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի քաղաքականությանը՝ ախտահարված գլխաքանակի կարանտին, տեղաշարժի վերահսկողություն, կենդանիների հարկադիր սպանդ, մսեղիքի ոչնչացում եւ ախտահարված տարածքների ախտահանում, գիտնականը նկատում է՝ հանրային իրազեկման անհրաժեշտություն կա։ Գյուղացին խոզերին եւ թռչուններին շարունակում է պահել նույն վայրում, ազատ բաց է թողնում դեպի արոտավայր, որտեղ կենդանիները կարող են վարակված վայրի խոզի եւ տզերի հանդիպել։ Մյուս խնդիրը ժանտախտով վարակված խոզի մսի տեղափոխումն է շուկա, ինչը կրկնապատկում է վիրուսի տարածման վտանգը։

Այս առումով օրինակելի են  Լատվիան եւ Էստոնիան, որտեղ պետական վերահսկողությամբ վերացվել են վարակի բոլոր օջախները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ