Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զոհված փրկարարների ավտոսանդուղքը դարձել է թանգարանային ցուցանմուշ

Զոհված փրկարարների ավտոսանդուղքը դարձել է թանգարանային ցուցանմուշ

1507
Տարածել

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվեց պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական ակտերից մեկը, որին զոհ գնաց 3000-ից ավելի մարդ, վիրավորվեցին հազարավորները։ Հատկապես տուժեց Նյու Յորք քաղաքը:

Եթե երբեւէ լինեք Նյու Յորքում, անպայման այցելեք Գրինվիչ 180 հասցեում գտնվող 9/11 Ազգային հուշահամալիր-թանգարանը, որը կառուցվել է ահաբեկիչների կառավարած ինքնաթիռների հետ բախման հետեւանքով փլուզված Համաշխարհային առեւտրի կենտրոնի տեղում։ Թանգարանը հիշեցում է 1993 եւ 2001 թվականներին կազմակերպված ահաբեկչության զոհերի, ինչպես նաեւ այն անձնուրաց մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ փրկել են մյուսներին։

Հուշահամալիրի նախագծի հեղինակը ճարտարապետ Մայքլ Արադն է, լանդշաֆտի դիզայնը Պիտեր Ուոքերինն է։ Ըստ The Wall Street Journal ամսագրի՝ կառույցը Ամերիկայի ամենաթանկարժեք շինությունն է․ շինարարությունն արժեցել է 500 միլիոն դոլար։

Վճարելով ընդամենը 20 դոլար՝ կարելի է ոչ միայն հիանալ յուրօրինակ ճարտարապետությամբ, այլեւ լուսանկարվել նոր շիվեր տված «Փրկված ծառի»՝ ահաբեկչության ժամանակ վնասված տանձենու կողքին, շրջել 0,4-ական հեկտար զբաղեցնող երկու հուշաքար-ջրավազաններով, ծանոթանալ 20-րդ դարի արվեստի լավագույն նմուշների ոչնչացման պատմությանը, այլ կարեւոր փաստաթղթերի։

Թանգարանում է հանգրվանել նաեւ քաղաքային հրշեջ վարչության Company 3 ավտոսանդուղքը, որի 11 հոգանոց անձնակազմը սեպտեմբերի 11-ին տարհանում էր հրդեհվող շենքի հյուսիսային աշտարակում գտնվող քաղաքացիներին։ Հայտնի չէ, թե քանի մարդու է տարհանել այս խումբը, սակայն հերթական անգհամ վառվող շենք վերադառնալը ողբերգական ավարտ ունեցավ. բոլորը մահացան աշտարակի փլուզման հետեւանքով։ Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում 343 փրկարար է զոհվել, նաեւ բազմաթիվ ոստիկաններ: Թանգարանի ցուցանմուշներից դիտարժան են նաեւ Նյու Յորքի քաղաքային եւ նավահանգստային  ոստիկանության բաժինների փրկարարական գույքի մնացորդները։ 45 րոպե տեւողությամբ շրջայցի ընթացքում ուղեկցորդը ձեզ կպատմի զոհված հրշեջների մասին, թվում՝ հրշեջ վարչության ամենատարեց անդամ, նախկին հրամանատար Վիլյամ Ֆիհանի մասին, որը հրշեջ-փրկարարների մի ամբողջ սերունդ է դաստիարակել։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ