Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ու գյուղացիները հայտնաբերել են կորած զբոսաշրջիկներին

Փրկարարներն ու գյուղացիները հայտնաբերել են կորած զբոսաշրջիկներին

405
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 250 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Կոտայքի մարզ Հրազդան՝ 30 հա, Սյունիք՝ Քարահունջ 40 հա, հրդեհաշիջմանը մասնակցել են 20 զինծառայող, ոստիակնության 5 աշխատակից եւ 10 գյուղի բնակիչ: Երեւան Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտակայքում՝ 4 հա, «Ռեժինէ» հյուրանոցի մատույցներում՝ 5,5 հա, Արագածոտն Կարմրաշեն 60 հա, Տավուշ Բերդավան 20 հա, Արարատ Լանջանիստ գյուղ 110 հա, Շիրակ Հայկաձոր գյուղում՝ ՌԴ սահմանապահ թիվ N ուղեկալի տարածքում՝ 400 հա, Սյունիք, Վահրավար գյու­ղի մատույցներում՝ 11 հա, հրդեհաշիջմանը մասնակցել են 19 զինծառայող, «Արեւիկ ազգային պարկի» 18 աշխատակից:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 110 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Էրեբունի, Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան վարչական շրջանների եւ Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 5 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ 3 քաղաքացի մոլորվել են Գառնու ձորում՝ Երանոս լեռան մոտակայքում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարների ու հարակից գյուղերի բնակիչների համատեղ ջանքերով մոլորվածները, որոնցից մեկը՝ Շվեյցարիայի քաղաքացի, հայտնաբերվել են: Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին կայանած է Իրանի իսլամական հանրապետության համարանիշներով ավտոբաք, որից տհաճ հոտ ունեցող նյութ է թափվում: Փրկարարները պարզել են, որ մեքենան բեռնված է ժավելի սպիրտով, փականը խափանվել է, տեղի է ունեցել մոտ 5 տոննա ժավելի սպիրտի արտահոսք դեպի Արփա գետ եւ ափամերձ հատված: Հրշեջ-փրկարարները հողով ծածկել են աղտոտված հատվածը, գետ ներթափանցած հատվածը ողողել ջրով: Գետ թափված սպիրտի խտությունը նոսրացնելու նպատակով Հեր-Հերի ջրամբարից ջուր է բաց թողնվել: