Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

593
Տարածել

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ: Օգոստոսի 30-ին 4-5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մատույցներում: Այս երկրաշարժից հինգ  ժամ անց հետեւել է 3 բալ ուժգնությամբ մեկ հետցնցում: Նույն օրը 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Թուրքիայի Վան քաղաքի մատույցներում: Սեպտեմբերի 4-ին 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Մարանդ քաղաքի մատույցներում, իսկ սեպտեմբերի 5-ին 3 բալ ուժգնությամբ եւս մեկ ստորգետնյա ցնցում՝ Խոյ քաղաքի մատույցներում: Սեպտեմբերի 4-ին Վրաստանի Նինոծմինդա քաղաքի մատույցներում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է  6 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Սեպտեմբերի 5-ին 6,6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզում` Չիտոսե քաղաքից 36 կմ դեպի արեւելք, որին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 8, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 143 եւ անհետ կորել 40 մարդ: Հոկայդո կղզում ավելի քան 3 միլիոն տուն, 80 հիվանդանոց մնացել են առանց էլեկտրականության: Երկրաշարժի հետեւանքով առաջացել են սողանքներ, որի հետեւանքով փլուզվել են շենք-շինություններ: Արգելափակվել են ավտոճանապարհները: Չիտոսե քաղաքի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթները: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ինքնապաշտպանության ուժերը, ոստիկանության եւ հրշեջ պահպանության 20 հազար աշխատակից, 50 ուղղաթիռ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ