Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ. Դպրոցականների առաջին օգնության իմացությունը պարտադիր է (լուսանկարներ)

Վարժանքներ. Դպրոցականների առաջին օգնության իմացությունը պարտադիր է (լուսանկարներ)

896
Տարածել

Սեպտեմբերի 6-ին Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղին կից Ա.Հ.Երիցյանի անվան դպրոցում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների եւ ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ըստ սցենարի՝ կատարվում է անձնակազմի տարհանում: Հետախուզության արդյունքում պարզվում է, որ երկու աշակերտ արգելափակվել է դասասենյակում, եւս մեկը ստացել է գլխի վնասվածք: Վերջինիս դրսում ծավալված բուժկետում ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Փրկարարները արգելափակվածներին ավտոսանդուղքի օգնությամբ տեղափոխում են անվտանգ վայր:

Դպրոցի տնօրեն Արտավազդ Մամյանի խոսքով՝ նորակառույց շենքը նախորդ տարի է հանձնվել շահագործման, շինարարության ընթացքում անվտանգության չափորոշիչները վերահսկել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դպրոցն ապահովված է ազդանշանային համակարգով, առաջնային հրդեհաշիջման միջոցներով: Տարեկան ուսումնական պլանում ներգրավված են տարբեր թեմաներով վարժանքներ:

11-րդ դասարանցի Արարատ Սարիբեկյանը վերհիշում է՝ նախորդ տարի իր դասարանցիների շնորհիվ ժամանակին կանխվել է դպրոցին հարակից շենքում բռնկված հրդեհը. ընկերներն անմիջապես ահազանգել են փրկարար ծառայություն: Աշակերտի խոսքով՝ առաջին օգնության բազային կանոններին պետք է տիրապետեն բոլորը, որպեսզի արտակարգ իրավիճակներում խուճապ չառաջանա: Տարբեր վիրակապեր դնելու եւ վնասված վերջույթն անշարժացնելու հնարքներն Արարատը լավ է սերտել:

«Առաջին օգնության դասերը 12-րդ դասարանի կրթական ծրագրում են, երեխաները ստանում են խորացված տեսական գիտելիքներ: Ցավոք պրակտիկ հնարավորություն՝ ստիմուլյացիոն մոդելներ չունենք, երեխաները հմտանում են միմյանց վրա փորձարկումներ անելով: Աղջիկները ոլորտով շատ են հետաքրքրված, առաջիկայում կունենանք բուժօգնության կազմավորում»,- ասաց դպրոցի բժիշկ Աստղիկ Մխիթարյանը՝ հավելելով, որ բուժկետը շտապօգնության ծառայության հետ պայմանագրի շրջանակում պարբերաբար թարմացնում է իր դեղորայքն ու բժշկական պարագաները:

Ուսումնավարժություններ են իրականացվել նաեւ թիվ 68 հիմնական եւ Ս. Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցներում:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ