Գլխավոր Միջոցառումներ Արտակարգ իրավիճակների համակարգը 27 տարեկան է (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների համակարգը 27 տարեկան է (լուսանկարներ)

3404
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության իրավանախորդ արտակարգ իրավիճակների վարչությունը ստեղծվել է 1991-ին, իսկ արագ արձագանքման առաջին փրկարարական ջոկատը՝ 1997-ի սեպտեմբերի 4-ին: Հենց այս պատճառով էլ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը նշվում է սեպտեմբերի 4-ին: 1991-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հենքի վրա ստեղծված կառույցն այժմ միավորում է բազմաթիվ ծառայություններ՝ փրկարար ծառայություն, հակահրդեհային տեսչություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, պետական ռեզերեւների գործակալություն, հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն եւ այլն: Անցած 27 տարում արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Ամենակարեւորը՝ օգնություն խնդրող երկրից դարձել ենք բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխանող փրկարարներ ունեցող եւ օգնություն արտահանող երկիր: Դիմակայուն երկիր ունենալու նպատակով ընդունել ենք «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն» եւ գործողությունների ծրագիր:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված, նախարարության շարահրապարակում անցկացված տոնական զորահանդեսին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր, դիվանագետներ:

«Ձեզ երկու բան եմ մաղթում. Հնարավորինս քիչ աշխատանք եւ հնարավորինս մեծ բարեկեցություն: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, մեր սիրելի հայրենակիցները արտակարգ իրավիճակ են գնահատում այն, երբ սիրելի կատուն բարձրանում է տանիքը եւ չի կարողանում իջնել եւ դիմում են արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ես ուզում եմ բոլորիս մաղթել, որ Հայաստանի հանրապետությունում արտակարգ իրավիճակները լինեն այսպիսին կամ մոտավորապես այսպիսին: Մեր երկրի եւ քաղաքացիների ինքնազգացողության համար շատ կարեւոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող արտակարգ իրավիճակների համակարգ: Ձեզ մաղթում եմ անփորձանք, հաղթական, հերոսական ծառայություն», — ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սպիտակի երկրաշարժ ապրած եւ փաստացի պատերազմի մեջ հայտնված մեր երկրի համար հրամայական էր այս համակարգի ստեղծումը: Ի դեմս ԱԻՆ համակարգի բնակչությունը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող եւ ընդլայնվող պետական, մարդասիրրական կառույց: Մեր համակարգը դարձել է մեր պետության բարի, հոգատար, ժպտուն դեմքը, ժողովրդին մեկնած ուժեղ, հուսալի, օգնական ձեռքը: Իմ արտակարգ աշխատակիցներ, ես հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունենք՝ ուժեղ, հզոր, բազմաքանակ, պրոֆեսիոնալ: Միասին կյանքի ենք կոչում գործուն եւ կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարության տեսլականը, որը համահունչ է մեր երկրի կարիքներին եւ համաքայլ է համաշխարհային զարգացումներին», — շնորհավորական իր խոսքում նշեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Տոնը միայն շնորհավորական խոսքեր չէին: Շարահրապարակում ներկայացված էին փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները՝ իրենց գույքով եւ հանդերձանքով: Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության հետակետերի ծառայողները ցուցադրական վարժանքով ներկայացրեցին հակառակորդի հրետակոծության եւ հարձակման ժամանակ վտանգին արձագանքելու, վտանգը չեզոքացնելու, զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցելու, վիճակը հսկողության տակ վերցնելու իրենց հմտությունները: Ամենն ուղեկցվեց երգնուպարով, աղետներին պատրաստ լինելու թեմայով «Աղետիկը» ներկայացմամբ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ