Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները խոշոր եղջերավոր անասունին իջեցրել են թարմայից

Փրկարարները խոշոր եղջերավոր անասունին իջեցրել են թարմայից

657
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 160 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Տավուշի մարզ Բերդավան համայնք՝ 15 հա, Կիրանց՝ 23 հա, Կոտայքի մարզ Արամուս՝ 8 հա եւ 40 հա, Հացավան՝ 470 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհ՝ 60 հա, Արագածոտն Արտաշավան՝ 6 հա, Լոռի Ճոճկան՝ 40 հա, Սյունիք Խդրանց՝ 35 հա եւ այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 110 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջանների եւ Շիրակի, Տավուշի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 4 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր: Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Եղիշե Թադեւոսյան փողոցի մի բնակչի մատն այտուցվել է, մատանին մնացել է մատին, հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մատից հանել են մատանին: Նույն վարչական շրջանում ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի մի շենքի մի բնակարանում երեխայի ոտքի մատը մնացել է ծալովի մահճակալի զսպանակի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 7-ամյա աղջնակի ոտքի մատը դուրս են բերել արգելափակումից: Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքից իջնելիս քաղաքացին վնասել է ոտքը, ձորից բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 31-ամյա կնոջը ձորից բարձրացրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նոյեմբերյան քաղաքի Հաղթանակի փողոցում խոշոր եղջերավոր անասունը տան հենապատից ընկել է խաղողի վազի (թարմայի) վրա, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն իջեցրել են կենդանուն: