Գլխավոր Նորություններ Գիտելիքի օրը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (լուսանկարներ)

Գիտելիքի օրը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (լուսանկարներ)

3564
Տարածել

Մեկնարկեց նոր ուսումնական տարին: Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ ողջունեցին ու բարի երթ մաղթեցին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

«Ակադեմիայում պատրաստում են երկրի եւ քաղաքացու անվտանգությունն ապահովող մասնագետներ, ուստի պետության անվտանգության հարցում ձեր պատասխանատվության չափն անհամեմատ մեծ է: Դուք գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ, դժվարին կացության մեջ նրանք ձեզ հետ են կապելու իրենց փրկության հույսը: Ձեզ մեծ կամք, դիմացկունություն եւ հոգու արիություն է պետք: Լիահույս եմ, որ ակադեմիայում ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու եք  ապահով եւ անվտանգ պետություն ունենալու գաղափարին»,- ասաց նախարարը:

Ռեկտոր Համլետ Մաթեւոսյանն ուսանողներին խնդրեց մի կողմ թողնել դպրոցներում ձեռք բերած վատ սովորությունները, կռվարարությունը, պատրաստ լինել կյանքը նվիրել ուրիշների փրկության գործին, ձեռք մեկնել կարիքավորին. «Ով մեկ անգամ մարդ է փրկում, այլեւս երբեք փրկարարությունը չի թողնում, նրա ճակատագիրն արդեն որոշված է: Ես ձեզ խնդրում եմ ոչ միայն լավ սովորել, այլեւ ձեռք բերել մարդկանց հետ շփվելու մշակույթ: Բոլորը գիտեն, որ չի կարելի մեքենան վարել ոչ սթափ վիճակում եւ  փողոցն անթույլատրելի տեղից անցնել, սակայն շարունակում են նման կերպ վարվել, քանի որ չկա անվտանգության մշակույթ: Դուք պետք է ձեւավորեք այդ մշակույթը, ձեր ուսերին շատ մեծ բեռ է դրված»:

ՃԿՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝  այս տարի ակադեմիան բոլոր մարզերից եւ Արցախից առաջին կուրսեցիներ ունի: Երեւանում նախատեսված տեղերը համալրվել են 65 տոկոսով, իսկ Ստեփանավանում՝ 100 տոկոսով:

32-ամյա Սոնա Առաքելյանն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է: Ակադեմիայում ուսանող ընկերներից մեկի միջոցով ծանոթացել է ՃԿՊԱ կրթական ծրագրերին եւ առանց երկմտելու փրկարարի մասնագիտություն ստանալու որոշում կայացրել: Արդեն իսկ իրեն համազգեստով է պատկերացնում, լիահույս է, որ ստացած բարձրագույն կրթությունը կօգնի աշխատանք գտնել:

Արամուսցի 18-ամյա Ջիվան Առաքելյանը դպրոցական տարիքից հետաքրքրված է եղել փրկարարի մասնագիտությամբ: Անկեղծանում է՝ բնավորությամբ մարդասեր է, այս մասնագիտությունն իրեն հոգեհարազատ է: Դժվարություններից չի վախենում: Վստահ է՝ իսկական տղամարդը պետք է ամեն ինչի պատրաստ լինի:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ