Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

581
Տարածել

Օգոստոսի 23-29-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է յոթ երկրաշարժ: Օգոստոսի 28-ին Ադրբեջանի Լենքորան քաղաքի մատույցներում գրանցվել է 4,8 մագնիտուդով երկրաշարժը, որը երկրի մակերեւույթին արտահայտվել է 6-7 բալ ուժգնությամբ: Հայաստանի Հանրապետության՝ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս քաղաքներում այն զգացվել է 2-3 եւ Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 23-26-ը 3-4 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի տարածքում՝ Վան, Բուլանիկ, Ալաշկերտ քաղաքների մատույցներում: Օգոստոսի 24-ին 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի Դերբենտ եւ Վրաստանի Նինոծմինդա քաղաքների մատույցներում: Օգոստոսի 27-ին եւ 29-ին 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ գրանցվել Իրանի Խոյ եւ Ադրբեջանի Դաշքեստան քաղաքների մատույցներում: Օգոստոսի 25-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գանցվել Արեւմտյան Իրանում, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արեւմուտք, զոհվել է առնվազն 3 եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 310 մարդ: Ութ գյուղ մնացել է առանց էլեկտրականության:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով վեց երկրաշարժ: Օգոստոսի 23-ին՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժ Ալեուտյան կղզեխմբի տարածքում: Հաջորդ օրը՝ 7,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ Պերու-Բրազիլիա սահմանային գոտում: Օգոստոսի 28-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում: Օգոստոսի 29-ին 6,4 եւ 7,1 մագնիտուդով երկրաշարժեր Հյուսիսային Մարիանյան եւ Հարավային Լոյալթի կղզիների տարածքներում:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ