Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Զգուշացեք ջրային վարակներից

Զգուշացեք ջրային վարակներից

367
Տարածել

Ամառն իր շոգն ու տապն է պարտադրում: Որքան էլ սառնորակ ջուրը գրավիչ է, այդուհանդերձ, կարող է տհաճ անակնկալներ մատուցել բաց ջրամբարներում եւ լողավազաններում հանգստացողներին, որոնց առողջությունը վտանգված է ախտածին մանրէների եւ վարակազերծման համար օգտագործվող քիմիական նյութերի պատճառով: Դրանք կարող են օրգանիզմ թափանցել վարակված ջուր կուլ տալու եւ աերոզոլներ շնչելու հետեւանքով, լողավազանների եւ տաք վաննաների թերապիայի ժամանակ, շատրվանների, լճերի, գետերի կամ օվկիանոսների վարակված ջրի հետ շփման դեպքում: Կարող են զարգանալ աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակներ: Ավելի հաճախ գրանցվում է փորլուծություն:

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաեւ վարակիչ հիվանդությունների տարածման դեպքերի քանակի վրա: Հիվանդությունների հարուցիչները տաք եղանակին ջրային միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը՝ ի տարբերություն ցուրտ եղանակի: Մանրէներն արագ բազմանում են դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածներում, ճահճուտ ջրերում, որոնց հարակից տարածքներում առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ: Առավել տարածված են մաշկի եւ լորձաթաղանթի հիվանդությունները՝ եղջերաթաղանթի քրոնիկ հիվանդությունից մինչեւ պերիֆերիկ նյարդերի ախտահարում:

Քաղցրահամ ջրերի խխունջները տարածում են շիստոսոմոզ, որն առաջացնում է լյարդի վնասվածք, երիկամների խանգարում, անպտղություն եւ միզապարկի քաղցկեղ: Շիստոսոմոզային դերմատիտի (լողորդիքոս) հանդեպ խոցելի են հատկապես երեխաները: Այս վարակը հանդիպում է ամենուր՝ ճահճուտ եւ աղտոտված ջրամբարներում: Հիմնական կրողները տնական եւ վայրի բադերն են, միջանկյալ կրողը՝ քաղցրահամ ջրերի խխունջը: Լողալու ժամանակ շիստոսոմա տեսակի մակաբույծ որդն անցնում է մարդու վերնամաշկ, առաջացնում սուր քոս, այտուցներ եւ քնկոտություն: Հիվանդությունը տեւում է մի քանի ժամից մինչեւ երկու շաբաթ:

Վտանգ է ներկայացնում նաեւ տաք կլիմայով երկրներում տարածված լեպտոսպիրոզ սուր զոոնոզ հիվանդությունը, որն ախտահարում է երիկամները, լյարդը, նյարդային եւ անոթային համակարգերը, ուղեկցվում հեմոռագիկ համախտանիշով եւ դեղնուկով: Հիվանդության աղբյուրը հիվանդ տնային եւ վայրի կենդանիներն են, որոնք աղտոտում են ջուրը եւ հողը, ստեղծում բնական օջախներ: Հիվանդության կրողները մանր կրծողներն ու միջատակերներն են՝ դաշտամկներ, մոխրագույն առնետներ, ոզնիներ եւ այլն: Վարակի հարուցիչներն օրգանիզմ կարող են ներթափանցել լողալու ժամանակ ջուր կուլ տալու հետեւանքով, ինչպես նաեւ շրթունքների, բերանի, քթի լորձաթաղանթների եւ վնասված մաշկի միջոցով: Միկրոօրգանիզմների թրթուրներով լի ջրի միջոցով փոխանցվում են լյամբլիաներ եւ ասկարիդներ:

Ցիանոբակտերիաների արտադրած թունավոր նյութերը կարող են ցիտոտոքսիկ ազդեցություն ունենալ կարմիր ողնածուծի վրա: Դրանք դիմացկուն են նույնիսկ ջրի վարակազերծման համար օգտագործվող քլորի հանդեպ: Մարդու օրգանիզմ անցնում են ջրի գոլորշիացման ժամանակ, ինչպես նաեւ մաշկի կամ լորձաթաղանթի միջոցով՝ լողալիս կամ ջրային սպորտով զբաղվելիս: Աղտոտված լճակներում եւ հակասանիտարական շոգեբաղնիքներում լոգանքի պատճառով առաջանում են աչքի շաղկապենու բորբոքում, քոս, սնկային հիվանդություններ: Արդյունաբերական թափոնների պատճառով աղտոտված ջրերում հանդիպում են թունավոր տարրեր՝ մկնդեղ, պղինձ, ցինկ, կապար, ֆենոլ, որոնք լուրջ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ խորհուրդ է տրվում զգոն լինել եւ պահպանել անվտանգության կանոնները: Նախքան հասարակական լողավազանից օգտվելը մարմինը ցայել սառը ջրով, լողավազանից դուրս գալիս հագնել հողաթափեր կամ կոշիկ, ընդունել հակասնկային գելով լոգանք՝ լվանալով մաշկային ծալքերը եւ մատների արանքները, մարմինը չորացնել սեփական սրբիչով: