Գլխավոր Միջոցառումներ Լրատվամիջոցները՝ անվտանգության մշակույթի կրողներ

Լրատվամիջոցները՝ անվտանգության մշակույթի կրողներ

1417
Տարածել

Օգոստոսի 17-18-ը Աղվերանում անցկացվեց «Արտակարգ իրավիճակների լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով դասընթաց՝ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ «ՕքսեՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինության՝ DG ECHO-ի ֆինանսական աջակցությամբ։

Մասնակիցներին ներկայացվել էին արտակարգ իրավիճակների լուսաբանման էթիկական խնդիրները, պատերազմական գործողությունների լուսաբանման առանձնահատկությունները, աղետի ժամանակ եւ դրանից հետո առաջին հոգեբանական աջակցությունը, այլ օրակարգային հարցեր։

Մեզ հետ զրույցում դասընթացի բանախոս, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ընդգծեց արտակարգ իրավիճակներին վերաբերող եզրույթների ճիշտ օգտագործման կարևորությունը, ինչի հիման վրա ձևավորվում է քաղաքացու մտածողությունը․ «Եթե մենք երկրաշարժը համարում ենք աղետ, այն էլ՝ բնական, դրանով ապացուցում ենք, որ այլեւս անելիք չունենք։ Երկրաշարժը երկրաբանական երևույթ է, դրա ազդեցության հետեւանքն է աղետ, ինչի պատճառը մարդու գործունեությունն է։ Շենքդ սխալ ես կառուցել՝ աղետալի հետեւանքներ կունենաս, հակառակ դեպքում երկրաշարժը քեզ չի վնասի»։

Համլետ Մաթեւոսյանը կարեւորեց լրագրողների դերը ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլեւ անվտանգության մշակույթ ձեւավորելու գործում։ Բայց նախեւառաջ նույն լրագրողը պետք է  օրինապահ եւ գիտակից քաղաքացի լինի, որը կկարողանա կանխել միջավայրում առկա  վտանգը և չի ստեղծի նորը։

Ռեկտորի խոսքով՝ նախկին եւ ներկայիս լրատվությունը խիստ տարբերվում է․ առցանց լրատվամիջոցների եւ սոցիալական կայքերի առկայությունը կարծես «դուրս է մղել» լսարանի շերտավորումը․այսպիսով դժվարացել է ինֆորմացիայի լիարժեք ընկալումը։ Բացի դրանից՝ արտակարգ իրավիճակներին վերաբերող լուրերը սովորաբար ցածր դիտելիություն ունեն, ինչի պատճառով լրագրողներն այլ թեմաների են առաջնահերթություն տալիս։

«Մենք ամբողջ կրթական համակարգում արտակարգ իրավիճակներին վերաբերող հարցեր ենք ներառել, որպեսզի թե՛ դպրոցականը, թե՛ բուհի ուսանողը տեղյակ լինեն Հայաստանում առկա երկրաբանական երեւույթներից, իրենց պաշտպանել իմանան։ Այժմ շեշտը դնում ենք   մանկապարտեզների վրա։ Եթե լրատվամիջոցները չօժանդակեն գործընթացին, գիտելիքը կմնա տեսական մակարդակում»,- ասաց Համլետ Մաթեւոսյանը՝ հավելելով, որ Հանրային հեռուստատեսությունը շուտով եթերաժամանակ կտրամադրի Հայաստանին եւ տարբեր երկրներին պատուհասած խոշոր աղետների, դրանց ազդեցության, ռիսկի նվազեցման վերաբերյալ տեղեկատվական/ուսուցողական հաղորդաշարի համար։

Դասընթացի մյուս բանախոսի՝ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանի նախաձեռնած գործնական աշխատանքի շնորհիվ լրագրողները լուսաբանել էին պայմանական հրդեհի դեպքը, խոսել տուժածի հետ, մասնակցել ասուլիսի։ Միջոցառման նպատակն էր լրագրողներին սովորեցնել արագ արձագանքել եւ փոխանցել նման տեղեկությունը, թույլ չտալ էթիկական խախտումներ։  «Ամենաշատ սխալներն առցանց մամուլում են, հատկապես՝ նորաստեղծ կայքերում, որոնք փորձում են լսարանի հաշվին մասնագիտանալ։ Նման լրատվամիջոցները կրճատում, խեղաթյուրում են սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունը՝ լսարանին ապատեղեկատվություն մատուցելով եւ անտեսելով մարդկանց հոգեբանական իրավիճակը։ Առանց համաձայնության անձնական տվյալներ եւ անչափահասների լուսանկարներ հրապարակելը, նախաքննության փուլում կողմերի մասին տեղեկություն տարածելը կոպիտ սխալներ են, որոնք հաճախ են հանդիպում մեր լրագրողների շրջանում»,- մանրամասնեց Սուրեն Դեհերյանը՝ խորհուրդ տալով հատկապես խմբագիրներին զգոն լինել այլ աղբյուրների տեղեկությունները տարածելիս եւ էթիկայի «չափը» չանցնել։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի ղեկավար Զարա Խուդոյանը ներկայացրել էր առաջին օգնության եւ առաջին բուժօգնության հասկացությունների տարբերությունը, արտակարգ իրավիճակում գործելու հիմնական քայլերը, հոգեբանական օգնության հիմունքները։ Քննարկվել էին լրագրողների մասնագիտական գործունեությանը «սպառնացող» հիմնական վտանգների՝ մասսայական միջոցառումների ժամանակ ստացած տրավմաների, բաց վնասվածքների, արցունքաբեր գազից տուժելու կամ ուշագնացության դեպքում առաջին օգնության կանոնները։ «Լրագրողներից ոմանք տեսական գիտելիք ունեին, սակայն գործնական պարապմունքը նկատելի դարձրեց հմտությունների պակասը։ Կարևոր է դիմացինին առաջին օգնություն ցուցաբերելու որոշում կայացնելը՝ հաշվի առնելով դեպքի վայրում առկա վտանգը։  Շատերը ցանկություն հայտնեցին հետագայում խորացնել ոլորտի վերաբերյալ իրենց իմացությունը»,- ամփոփեց Զարա Խուդոյանը։

Դասընթացավարներից էին նաեւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը, ՀՀ ԱԻՆ ՏՀԿՎ լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը, այլք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «ՕքսեՋեն» հիմնադրամը