Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները դուրս են բերել ջրանցքում հայտնված կենդանուն

Փրկարարները դուրս են բերել ջրանցքում հայտնված կենդանուն

588
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Համայնքամերձ բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ հրշեջ-փրկարարներին օգնել են հարակից համայնքների բնակիչները, մոտակայքում տեղակայված զորամասի զինծառայողները, կոմունալ ծառայությունների աշխատակիցները:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք:  15 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր:

Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ մատանին մնացել է 10 տարեկան երեխայի մատին։ Ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Նախորդ շաբաթ Կենտրոնի փրկարարները երկու ուշագրավ ահազանգի են արձագանքել․ մի դեպքում քաղցկեղով հիվանդ քաղաքացին, չունենալով  դեղորայքի համար ֆինանսական միջոցներ, սպառնացել էր ռումբով պայթեցնել Առողջապահության նախարարության  շենքը։ Մյուս դեպքում անհայտ անձը պատրաստվում էր ռումբ տեղադրել «Տաշիր» հյուրանոցում։ Փրկարարները ոստիկանական ուժերի հետ կատարել են հարյուրավոր աշխատակիցների եւ հանգստացողների տարհանում։

Կոտայքի մարզի փրկարարները Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի ջերմոցների մոտակայքում եւ Մարմարիկ գյուղի սկզբամասում խոշոր եղջերավոր անասունների արգելափակման երկու դեպք են ունեցել։ Կենդանիներն անվնաս դուրս են բերվել ջրանցքից ու դիտահորից։

Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի 11-րդ հարկում երկու երեխա են նստած՝ ոտքերը տանիքից դեպի ներքև։ Պարզվել է, որ 19-ամյա քույրերը ընթրում են տանիքում։ Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ վայր։