Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ ճամբարականների արկածները՝ Լոռու մարզում

ԱԻՆ ճամբարականների արկածները՝ Լոռու մարզում

1239
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 6-16-ը նախարարության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների 10-15 տարեկան 122 երեխա իրենց հանգիստն անցկացրին Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում։

Կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանի խոսքով՝ տարիներ շարունակ գործող ծրագրի շնորհիվ իսկական ընկերություն է հաստատվում ոչ միայն ճամբարականների, այլեւ նրանց ծնողների միջեւ։

Երեխաների ակտիվ հանգստին փոքր-ինչ խանգարել էր տեղատարափ անձրեւը․հետաձգվել էր դեպի «Ծակքար» հուշարձան քայլարշավը, հնարավոր չէր եղել երկար օգտվել բացօթյա լողավազանից։ Փոխարենը ծրագրում նոր միջոցառումներ էին ընդգրկվել։ «Ճամբարի տնօրինության համաձայնությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մասսայական ֆուտբոլային միջոցառում անցկացրեց՝ մանկապատանեկան տարիքի մարզիկներ ընտրելու նպատակով։ Մեկ օր տրամադրեցինք ականազերծման վերաբերյալ տեսական եւ գործնական դասընթացին, որը վարեցին Ականազերծման փորձագիտական կենտրոնի մասնագետները։ Սահմանամերձ համայնքներից շատ երեխաներ ունեինք, նրանք սովորեցին ականների տեսակների, պայթյունի հետեւանքների եւ ականապատ գոտում գործելաոճի մասին», — նշեց Լյուդմիլա Մելիքյանը։

Հաշվի առնելով ճամբարին մեծ թվով դեռահասների մասնակցությունը՝ Լոռու մարզային ոստիկանությունից մասնագետ էր հրավիրվել, որը խոսել էր անչափահասների հանցագործությունների եւ քրեական պատասխանատվության, թմրանյութերի օգտագործման վտանգների մասին։ Կազմակերպիչը կարեւորեց այս հանդիպումը՝ հավելելով, որ դպրոցում երեխաները սովորաբար խուսափում են այս կամ այն հարցի շուրջ մանկավարժների հետ անկեղծանալուց, իսկ ճամբարում նրանց հնարավորություն տրվեց ակտիվ քննարկում անել, իրավական գիտելիքներ ձեռք բերել։

Այդ օրերին նշվեց «Գուգարք» ճամբարի հիմնադրման 60-ամյակը, որին իրենց երգ ու պարով, քայլերթով, փոքրիկ բեմադրություններով մասնակցեցին նաեւ ԱԻՆ ճամբարականները։ Բոլոր սպորտաձեւերում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, նրանք առաջատարների շարքում էին։

Արհեստակցական կազմակերպության նախագահը ժպիտով վերհիշեց՝ ինչպես էր խումբը թաց փայտից դժվարությամբ խարույկ վառել։ Տասն օրվա ընթացքում բոլորը մտերմացել էին, նույնիսկ ակնհայտ էր՝ ով ում է համակրում։

Այս տարվա ճամբարականների ջոկատավարները ծրագրի նախորդ մասնակիցներն էին։ Նրանք ամենայն հոգատարությամբ հետեւել են բոլորի տեղաշարժին, նիստուկացին, օգնել ամեն հարցում։ Լյուդմիլա Մելիքյանի պնդմամբ՝ երեխաները մոռացել էին հեռախոսի եւ համացանցի մասին։

Ճամբարական Սոնա Ավետիսյանն անկեղծացավ՝ մի ընտանիքի պես էին դարձել, տարիքային տարբերությունը նկատելի չէր։ Բացի հետաքրքիր ժամանցից՝ նոր ընկերներ եւ կյանքի հմտություններ է ձեռք բերել։ Նույնիսկ ուտելիքի հանդեպ իր «քմահաճությունը» խոչընդոտ չի եղել: Լոռվա բնության գրկում ամեն ինչ համեղ է թվում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները