Գլխավոր Վերլուծություն Գիտակից քաղաքացի՝ անվտանգ կրթություն

Գիտակից քաղաքացի՝ անվտանգ կրթություն

801
Տարածել

Կրթական հաստատություներում փրկարար ուժերի կողմից անցկացվող ուսումնավարժությունները, իհարկե, ձեւավորում են արտակարգ իրավիճակներում գործելու որոշակի վարքականոն, սակայն երբեմն շենքի կառուցվածքային խնդիրները, հրդեհային անվտանգության կանոնների անտեսումը անդառնալի հետեւանքների կարող են հանգեցնել։ Այս մասին զրուցել ենք Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Կամո Եդոյանի հետ։ «Հրդեհային անվտանգության պահանջների կատարման կայուն հմտություններ հնարավոր է ձեւավորել միայն երկարատեւ բացատրական աշխատանքների շնորհիվ: Դասընթացի եւ զրույցի միջոցով սաներին պետք է պարզաբանել այն հնարավոր արտակարգ դեպքերը, որոնք տեղի են ունենում առօրյա կյանքում՝ գաղտնի ծխելու, արգելված վայրում խարույկ վառելու, չոր խոտածածկը կամ հացահատիկի հնձած դաշտն այրելու դեպքում եւ այլն: Կարեւոր է երեխաների մեջ պատասխանատվության զգացում սերմանել հանրային սեփականության նկատմամբ, որպեսզի նրանք գիտակցեն դրա պահպանման անհրաժեշտությունը»,- նշում է մասնագետը։

Դասընթացների միջոցով սովորողները հիմնականում պատկերացում են կազմում ՝ ինչպես բոցավառման կամ ծխապատման դեպքում գնահատել իրավիճակը, օգտվել հրդեհաշիջման սկզբնական միջոցներից, այրվածքների եւ ծխից թունավորման դեպքում առաջին օգնություն ցուցաբերել։ Այդուհանդերձ անվտանգ ուսուցման ողջ պատասխանատվությունն առաջին հերթին կրթօջախի ղեկավարության ուսերին է․ ձեղնահարկերում փայտե կառուցատարրերի՝ հրապաշտպան պատվածքով մշակումը, շինարարական նախագծման հակահրդեհային նորմերին համապատասխան տարհանման ելքերի քանակի, չափերի եւ լուսավորության պայմանների ապահովումը, դեպի դուրս ուղղված, դյուրանցանելի տարհանման ելքերի դռների առկայությունը, ազդանշանման համակարգերի ձեռքբերումը, հրշեջ հրդրանտների կամ հակահրդեհային ջրավազանի կառուցումը, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վերանորոգումը, աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորումը հիմնական պահանջներն են, որոնք պարտավոր է կատարել յուրաքանչյուր կրթական հաստատություն։

Կամո Եդոյանի խոսքով՝ հաճախ հրդեհի պատճառ են դառնում էներգամատակարարման համակարգի՝ էլեկտրական հոսանքի լարային ցանցի մոնտաժման եւ շահագործման սխալները՝ վնասված մեկուսացումով մալուխներն ու էլեկտրալարերը, ոչ ստանդարտ էլեկտրաջեռուցիչ սարքերը, անսարք վարդակներն ու անջատիչները։ Շատ կրթօջախներում դեռեւս կիրառելի են վառարանային ջեռուցման սարքավորումներ, որոնց շահագործման համար տարբեր բաղադրության հրավտանգ վառելիք է օգտագործվում։ Այս դեպքում վերահսկողության բացակայությունը եւ ծխահեռացման նպատակով օդագազափոխիչ անցուղիների օգտագործումը իր հերթին կարող է նպաստել կրակի տարածմանը։ Ուշադրությունից վրիպում են հատկապես լաբորատորիաները եւ մասնագիտական սենյակները, որոնցում դյուրավառ հեղուկներ են պահվում։ Աշխատանքային օրվա ավարտին անհրաժեշտ է նյութերը տեղափոխել հատուկ փակ տարաների մեջ եւ հեռացնել լաբորատորիայից, մի գործընթաց, որին ուսուցիչները լրջությամբ չեն մոտենում։

Ընդհանրացնելով մարզի կրթական հաստատությունների՝ մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան, բարձրագույն ուսումնական հաստատություն, հրդեհային անվտանգության հիմնական խնդիրները՝ մասնագետն առաջնահերթ մատնանշում է ազդանշանային համակարգի եւ ջրավազանի բացակայությունը, ջրամատակարարման ներքին ցանցերի անմխիթար վիճակը։ «Լուրջ բացթողում է տարհանման ելքերի դռների դեպի ներս ուղղվածությունն ու դրանց առջեւ տեղադրվող առարկաները, որոնք խոչընդոտում են սովորողների ազատ անցուդարձին։ Մյուս խնդիրը հաղորդալարերն են, որոնք տարվում են վառունակ նյութերի վրայով, ինչն անթույլատրելի է։ Բարեբախտաբար վերջին տասը տարում Գեղարքունիքի մարզի ուսումնական հաստատություններում հրդեհի ահազանգներ չենք ունեցել»,- ամփոփում է տեսչության պետը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ