Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Լարանը՝ 12 մարդու կյանք փրկած շունը

Լարանը՝ 12 մարդու կյանք փրկած շունը

3182
Տարածել

Ստեփանավանցիներից շատերն են հիշում բարի ու «երես առած» դոբերման պինչերին, որը 14,5 տարի ծառայեց «Լոռէ» փրկարար ջոկատում։ «Արալեզ» հայկական կինոլոգիական ակումբի 40 օրական բնակչին որդեգրել էր հրամանատար Արմեն Առաքելյանը։ «Կարծիք կար, որ դոբերմանն իր ագրեսիվության պատճառով չի կարող որոնող շուն դառնալ, խմբում աշխատելուն սովոր չէ։ Սակայն կես տարի անց Լարանն ընկերացավ բոլորիս հետ, դարձավ ջոկատի անդամ։ Պատերազմի տարիներին, երբ հացի խնդիրը հրատապ էր, նման շուն պահելը թանկ հաճույք էր։ Ակումբի տնօրենը վստահեցրեց, որ նրա փրկած ամեն կյանքն ավելի մեծ գին է ունենալու»,-ժպիտով վերհիշում է հրամանատարը։

Լարանը խորամանկ շուն էր, խելացի, սուր հոտառությամբ, հեշտ էր վարժեցվում։ Երբ փորձում էին իրեն վատ արարքի համար պատժել, թեթեւակի «ատամ էր գցում» դիմացինին։ Թույլերին պաշտպանելը բնավորության գիծ էր, ոչ ոք չէր սովորեցրել։

Սիրում էր երեխաներին, անտրտունջ թույլ տալիս փաթաթվել ու հեծնել իրեն, քաշել ականջները։ Մոտենում էր ջոկատի տարածքով զբոսնող ծանոթ-անծանոթ մանկասայլակներին, լիզում փոքրիկների վերջույթները։

Հիացնում էր հպարտ արտաքինով․ 1,5 տարեկան էր, երբ Երեւանի կրկեսում անցկացված շների ցուցահանդես-մրցույթում 25 դոբերմանի հետ «պայքարում» զբաղեցրեց 4-րդ տեղը։ Վարժանքների ժամանակ մինչ ուժասպառ լինելը փնտրում էր բոլոր պայմանական տուժածներին, օգնում ոստիկաններին տարբեր հանցանքներ բացահայտել։ Երբ մի հարցում ձախողվում էր, խնդրին նոր լուծում էր գտնում։ Արմեն Առաքելյանը վերհիշում է․ «Լարանը, ի տարբերություն հովվաշների, տարածության մեջ էր կողմնորոշվում, ոչ թե ոտնահետքերով։ 1994 –ին, երբ հաճախ հոսանքանջատումներ էին լինում, ստեփանավանցի քույր ու եղբայր անտառ էին գնացել՝ փայտ հավաքվելու։ Քաղաքի լույսերը հանգել էին, երեխաները՝ մոլորվել։ 15 րոպե անց շունը գտել էր նրանց՝ ծառի տակ կուչ եկած, կիսասառած վիճակում։ Ուրիշ անգամ՝ արշավի ժամանակ, առանց հրամանի ջուրն էր նետվել եւ փրկել գետն ընկած երեխային։ Եղել է՝ մառախուղի պատճառով մոլորված արշավականների է գտել»։

Կարճ մազածածկույթի պատճառով Լարանը ցուրտ եղանակին երկար չէր դիմանում, սակայն գործը միշտ ավարտին էր հասցնում։ Ոչնչից վախ չուներ՝ լիներ բարձրահարկ շենք թե ափերից դուրս եկած գետ։

Ջոկատում ճաշկերույթներ հաճախ էին լինում, սեղանին մոտ չէր գալիս։ Հենց բանը հասնում էր ոսկորին, գռմռոցով հիշեցնում էր՝ իր ուտելիքն է։ Գարեջուր էր սիրում․ համտեսում էր ոգելից խմիչքով լի գավաթից, ապա փախցնում դունչը, որ ոչ ոք չկասկածի։

Հասկանում էր բոլորի ապրումները, տրամադրությունը։ Ազատության գինը լավ գիտեր․ այդպես էլ վզկապի չսովորեց։ Սիրում էր բնությունը, թիթեռներին։ Իր ծառայության գրեթե 15 տարում 12 մարդու կյանք փրկեց, երկու սերունդ ունեցավ։

Ժամանակներն անցնում են, ջոկատի փրկարար շները փոխարինում միմյանց։ Սակայն Լարանի կարոտը մնում է․ Լարանն ուրիշ էր։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Լոռէ» փրկարար ջոկատի արխիվից