Գլխավոր Վերլուծություն Սեւանա լիճն «ապաքինվում» է

Սեւանա լիճն «ապաքինվում» է

1342
Տարածել

Հուլիսի վերջին Սեւանա լճի ծաղկումը համընդհանուր անհանգստության առիթ տվեց։ Մասնագետները ջրի կապտականաչ գունավորումը բացատրում էին գլոբալ տաքացման հետեւանքով ջերմաստիճանի բարձրացմամբ, լճի մակարդակի իջեցմամբ, կենսաբանական եւ քիմիական մաքրման կայանների բացակայությամբ։

ԵՊՀ էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Համբարյանը ներկայացրեց մի խումբ գիտնականների կատարած ուսումնասիրություն, որի համաձայն՝ առանձին ափերում դիտվում են ջրիմուռների քայքայման երեւույթներ՝ տհաճ հոտի ուղեկցությամբ․ «ծաղկել» են թե՛ Մեծ, թե՛ Փոքր Սեւանը։ Մակերեւույթում ջրի ջերմաստիճանը 20-22 աստիճան է, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Նախորդ տարվա հուլիսին ջրի թափանցելիությունը միջինում կազմում էր մոտ 8 մետր, այս տարի՝ 1,8-2-2,5 մետր։

Բացի դրանից՝ ափամերձ տարածքներում տարածվել է կապտականաչ ջրիմուռների թունավոր «Անաբենա» ցեղատեսակը։ Այս ջրիմուռի հատուկ բջիջները ֆիքսում են մթնոլորտային ազոտը եւ ծաղկման ավարտից հետո քայքայվելով հարստացնում ջուրն ազոտով։ Մասնագետի կանխատեսմամբ՝ եթե շոգը պահպանվի նաեւ աշնանը, լիճը կարող է ծաղկել երկրորդ անգամ։ Գործընթացը կազդի ձկան եւ ձկնկիթի զարգացման վրա։

2018 թվականի հուլիսին Սեւանա լճում ազոտի եւ ֆոսֆորի պարունակության վերաբերյալ Բնապահպանության նախարարության նախնական հետազոտությունները ցույց տվեցին, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սեւանա լճում ֆոսֆատ եւ ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են, եւ ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար:

Առողջապահության նախարարությունն իր հերթին զգուշացրեց, որ ջրիմուռներով առատ ափերում լողալը վտանգավոր է առողջության համար, կարող են ի հայտ գալ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, ալերգիկ ռեակցիա, իսկ ջուր կուլ տալու դեպքում` ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, լյարդի հետ կապված խնդիրներ եւ այլն։

Բնապահպաններն առաջարկում են բարձրացնել ջրի մակարդակը, ինչը կբարելավի ջրի որակը։ 2012 թվականից ի վեր 3 անգամ ջրի մակարդակն իջեցվել է մոտավորապես 3-5 սմ։ Թեպետ օրենքով սահմանված կարգով ամեն տարի լճից առավելագույն ջրառը կազմում է մինչեւ 170 միլիոն խմ, Ջրային կոմիտեն արդեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ լճից բացթողումներն ավելացնել եւս 85 միլիոն խմ-ով։

Անսալով բնապահպանների մտահոգությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքային խումբ ձեւավորել, որը կներկայացնի ոռոգման ջրի ապահովման խնդրի լուծման այլընտրանքներ՝ առավելագույնս խնայելով Սեւանա լիճը։

Լճի ծաղկումը բացասական է անդրադարձել հատկապես զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների վրա։ Ի նշան բողոքի՝ նրանք օրեր առաջ փակել էին գլխավոր մայրուղին՝ պահանջելով համապատասխան գերատեսչություններից հերքել Սեւանա լճի վտանգավորության մասին տեղեկությունը, քանի որ մարզի հիվանդանոցներում վարակվածության դեպքեր մինչ օրս չեն արձանագրվել։

Հարցի շուրջ զրուցեցինք Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Արմեն Ճզմաչյանի հետ։ Վերջինս հաղորդեց, որ մի քանի օր է՝ լիճը մաքրվել է, տեսանելիությունը՝ վերականգնվել։ «Նախորդ տարվա համեմատ՝ եղանակն այս ամիս բավական տաք էր, ինչի պատճառով խախտվեց ջրի ջերմային ռեժիմը, եւ արագացավ ծաղկման գործընթացը։ Սակայն բնությունն ամեն ինչ կարգավորեց։ Ստեղծված խուճապն ընդամենը զբոսաշրջային հոսքն ուղղեց դեպի Սեւ ծով, արդյունքում տուժեցին մարզի բնակիչները։ Թունավորման որեւէ դեպք չենք ունեցել, ճահճի վերածված նոր տարածքներ չկան»,- հավատացրեց հրամանատարը։

Եթե այնուամենայնիվ դեռ չեք պլանավորել Ձեր հանգիստը, խորհուրդ ենք տալիս մոտակա օրերին վայելել Սեւանի տաք ավազը, մասնակցել օգոստոսի վերջին կայանալիք առագաստանավային սպորտի պատանիների առաջնությանը կամ հետեւել՝ ինչպես են ֆրանսիացի եւ տեղացի ջրասուզակները լճի հատակին գրեթե 80 տարի առաջ խորտակված նավ որոնում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ