Գլխավոր Վերլուծություն Ամեն ինչ կրակմարիչների մասին

Ամեն ինչ կրակմարիչների մասին

3371
Տարածել

Կրակմարիչը առաջնային հրդեհաշիջման ամենաարդյունավետ եւ տարածված միջոցն է։ Ի՞նչպես ընտրել ճիշտ կրակմարիչ, ի՞նչ փոխազդեցություն կարող է առաջացնել սարքի պարունակությունը, ի՞նչ սխալներ են հաճախ հանդիպում։ Հարցերին պատասխանում է Տավուշի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ  Արմեն Համբարձումյանը։

Կրակմարիչների տեսակներն ու կիրառությունը

Ըստ բաղադրության՝ կրակմարիչները լինում են փրփրային (քիմիական, օդափրփրային), գազային (ածխաթթվային, աէրոզոլային), փոշային, համակցված եւ այլն։ Հայաստանում առավելի կիրառելի են փրփրային, փոշային եւ ածխաթթվային կրակմարիչները։

Փրփրային կրակմարիչն օգտագործում են գրեթե բոլոր պինդ նյութերի սկզբնական այրման, ինչպես նաեւ որոշ դյուրավառ հեղուկների դեպքում, եթե հրդեհի մակերեսը պակաս է 1 քմ-ից: Չի թույլատրվում փրփուրով մարել բարձր լարումով էլեկտրական սարքերի եւ լարերի, ալկալային մետաղների՝ նատրումի եւ կալիումի հրդեհները: Այս նյութերը խառնվելով կրակմարիչի ջրային զանգվածի հետ՝ անջատում են ջրածին, որն ավելի է բորբոքում կրակը։ Այս կրակմարիչն անարդյունավետ է սպիրտային զանգվածի հրդեհաշիջման համար, քանի որ փրփուրն արագ քայքայվում է եւ կորցնում ազդեցությունը։

Փրփրային կրակմարիչները մի շարք թերություններ ունեն՝ կիրառելի են ցածր ջերմաստիճանային պայմաններում (5-45 °C), ունեն քայքայիչ հատկություն, տարեկան վերալիցքավորման կարիք։

Փոշային կրակմարիչը նախատեսված է պինդ, հեղուկ, գազանման նյութերի, ինչպես նաեւ մինչեւ 1000 վոլտ լարում ունեցող էլեկտրական սարքավորումների հրդեհաշիջման համար։ Կարելի է պահել գրասենյակներում, վարչական շենքերում, պահեստներում եւ արտադրամասերում՝ -40 — +50 °С ջերմաստիճանի պայմաններում։  Հարմար է հատկապես լցակայաններում բռնկված փոքր մասշտաբի հրդեհների դեպքում։ Մետաղների հրդեհը մարելու համար կիրառվում են հատուկ փոշային կրակմարիչներ (ОПС): Բարձր ջերմաստիճանով պոլիմերային նյութերի (պլաստիկ, պլաստմասսայից հյուսքի համար նյութեր) վրա փոշու ազդեցությունը կարող է քայքայիչ լինել։

Այս կրակմարիչների առավելությունը  բազմակողմանի կիրառությունն է, մատչելի գինն ու հարմար չափը։ Թերություններից են հրդեհաշիջումից հետո միջավայրի տեսանելիության խաթարումն ու աղտոտումը։  Այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ դրանք կիրառել թանգարաններում, ֆոնդերում, համակարգչային տեխնիկայով հագեցած սենյակներում։

Ածխաթթվային կրակմարիչը կիրառությամբ նման է փոշայինին, սակայն ի տարբերություն վերջինիս՝ գույքին վնաս չի հասցնում։ Նախատեսված չէ էլեկտրալարերի հրդեհաշիջման համար։ Նախընտրելի տարբերակ է թանգարանների եւ համակարգչային գրասենյակների համար։

Ի՞նչպես ընտրել ճիշտ կրակմարիչ օգտագործման բազային կանոններ

Յուրաքանչյուր կրակմարիչ ունի որոշակի նյութերի հրդեհաշիջման սահմանափակ հնարավորություններ։ Օրինակ՝ փոշային կրակմարիչների պիտակի վրա նշվում են հրդեհաշիջման ենթակա նյութերի դասերը՝ ABCE (պինդ, հեղուկ, գազանման նյութեր եւ էլեկտրասարքեր) կամ BCE: Նշվում է նաեւ կրակմարիչի փոշու տեսակը՝ АВС կամ ВС։ Ապարդյուն կլինի  ВСE մակնշումով կրակմարիչն օգտագործել ծառ, թուղթ, պլաստիկ կամ այլ պինդ նյութ հրդեհաշիջելու համար։ Սխալը կարող է առաջացնել մարված նյութի կրկնակի բռնկում, օրինակ, շինարարական կառուցատարրերի եւ սարքերի տաքացման դեպքում։

Հայաստանյան շուկայում առկա են ռուսական, բելառուսական եւ եվրոպական արտադրության կրակմարիչներ։ Առավել մատչելի են փոշային կրակմարիչները։  Սարքերի քաշը՝ 4-10 կիլոգրամ, նյութի արտանետման հեռավորությունը՝ մոտ 3 մետր, պահպանման ժամկետը մինչ վերալիցքավորումը՝ 3-5 տարի։ Հնարավոր է վերալիցքավորել Հայաստանի մի շարք գործարաններում։

Բնակարանի համար նախընտրելի է ածխաթթվային կրակմարիչը։ Այն քիչ է աղտոտում միջավայրը, համեմատաբար անվնաս է առողջության համար, չի արտանետում քիմիական միացություններ։ Հեշտ կիրառելի է՝ առանց նախնական պատրաստվածության։

Քանի որ ածխաթթվային կրակմարիչը վայրկենապես մարում է կրակն ու սառեցնում այրված մակերեւույթները, ցանկալի է դրա կողքին պահել ձեռնոցներ՝ ձեռքերը սառեցումից պաշտպանելու համար։ Գորգերի, փափուկ կահույքի, հագուստի, տախտակների բռնկման դեպքում այս կրակմարիչն անօգուտ է․ այն միայն «զսպում» է կրակը, իսկ մոխիրը շարունակում է ծխալ։ Ուստի բնակարանում հարմար է ունենալ առնվազն երկու կրակմարիչ՝ փոշային եւ ածխաթթվային, տեղադրել մուտքի մոտ եւ խոհանոցում։ Ցանկալի է բազմահարկ շենքի ամեն հարկում ունենալ առնվազն մեկ կրակմարիչ։

Փայտաշեն տների, առանձնատների եւ քոթեջների դեպքում կիրառելի են ջրային եւ ջրափրփրային կրակմարիչները, սակայն դրանց թերությունները շատ են․ ցածր ջերմաստիճանի դեպքում ջուրը սառչում է, դրանք հնարավոր չէ կիրառել էլեկտրական սարքերի դեպքում, հաճախակի վերալիցքավորման անհրաժեշտություն կա։ Փոխարենն օգնության են հասնում փոշային եւ ածխաթթվային կրակմարիչները։

Սխալներ՝ կրակմարիչների օգտագործման ժամանակ

Կրակմարիչն օգտագործելիս կրակից ամենաարդյունավետ հեռավորությունը 8 ոտնաչափն է։ Շտապելիս երբեմն մարդիկ կրակին շատ մոտ են կանգնում՝ այդպիսով նպաստելով դրա տարածվելուն։ Մյուս սխալը սարքը կրակի վերին մասում պահելն է՝ այն դեպքում, երբ կարեւոր հատվածը հիմքն է։ Հաճախ խնդիր է ստեղծում նաեւ կրակմարիչի պաշտպանիչ դետալը, որը մարդիկ մոռանում են կամ չեն կարողանում դուրս բերել։

Ոչ պակաս կարեւոր է ժամանակի հաշվարկը։ Փոշային եւ գազային կրակմարիչների արտանետած նյութերից կարող է շնչարգելություն եւ ալերգիա առաջանալ։ Հրդեհը մարելուց հետո պետք է սենյակն օդափոխելու համար պատուհան բացել եւ արագ լքել տարածքը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ