Գլխավոր Միջոցառումներ Պատանի հրշեջ-փրկարարները Բելառուսում

Պատանի հրշեջ-փրկարարները Բելառուսում

2364
Տարածել

Տեղեկացրել ենք, որ հուլիսի 11-20-ը Բելառուսի Գոմելի մարզում անցկացված Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքին մասնակցել է նաեւ Հայաստանը: Թեպետ հայ պատանի հրշեջ-փրկարարները մրցանակային տեղ չեն զբաղեցրել, սակայն աչքի են ընկել գրեթե բոլոր մարզաձեւերում: «Այցեքարտ» եւ «Պատի թերթ» հատվածներում մասնակիցները ներկայացրել են Հայաստանը, արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, էլեկտրական սարքավորումների վտանգները։ Հետաքրքրիր մոտեցում է ցուցաբերվել գեղեցկության մրցույթի ժամանակ։ «Սցենարի համաձայն՝ տղաներից մեկը՝ Արսենը, սիրո խոստովանություն պիտի աներ։ Բեմադրության համար ուկրաինական թիմից մի աղջկա հրավիրեցինք, որի հետ տղան մտերմացել էր։ Ներկայացման երկու դրվագներում Արսենը ծխողի եւ հարբեցողի դերում էր, որին աղջիկը նույնիսկ ուշադրության չի արժանացնում։ Երրորդ դրվագում հանդիսատեսի առջեւ կանգնում է գեղեցիկ հագուկապով մի պատանի, որն իր սիրելիին Սեւակի տողերն է նվիրում եւ նրա ոտքերի տակ դաշտային ծաղիկներ շաղ տալիս։ Բեմադրությունն առաջին հերթին առողջ ապրելակերպի քարոզչություն էր, ինչը գովասանքի արժանացավ», — պատմեց Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը։

«Առաջին բժշկական օգնության ցուցաբերում» մարզաձեւում հայ մարզիկները գրեթե անթերի են գործել։ Մրցաշարի ընթացքում հիմնականում դժվարություն է առաջացրել կարաբինի (զսպանակակեռիկ) օգտագործումը, ինչը երկար ժամանակ էր խլել։ Պատվիրակության ղեկավարն այսպիսի թերացումը բացատրեց նախապատրաստական պարապմունքներին հատկացված կարճ ժամանակահատվածով։ Բացի դրանից՝ հայ մարզիկներն այդչափ պրոֆեսիոնալ չէին, ինչպես ռուսներն ու բելառուսները, որոնք կրթվում են արտակարգ իրավիճակների նախարարության լիցեյներում․ «Թիմը ձեւավորելիս մենք սահմանափակվեցինք հանրապետական մրցաշարում ֆիզիկական հնարավորություններով աչքի ընկած մասնակիցներով, այնինչ կային այնպիսիք, որոնք բացառիկ գեղարվեստական տաղանդ ունեին։ Միջազգային մրցաշարերի ժամանակ ոչ պակաս կարեւոր է ազգային գործիքների տիրապետելն ու լավ կատարողական արվեստ ունենալը։ Այդպես՝ տարիներ առաջ մեր թիմի դուդուկահարի շնորհիվ առաջատարներից մեկն էինք»։

Աղվան Սարգսյանը նկատեց՝ մրցաշարի ժյուրին որոշ թիմերի հանդեպ կողմնակալ վերաբերմունք ուներ։ Հետագայում երեւույթը բացառելու համար տարբեր երկրների պատվիրակներ առաջարկել են ժյուրին ձեւավորել մասնակից երկրների ներկայացուցիչներից, որոնք իրենց թիմին գնահատելու հնարավորություն չեն ունենա։

Հայկական թիմի ավագ Էմմա Մարտիրոսյանը երկրորդ անգամ էր մասնակցում միջազգային այս մրցաշարին։ Թեպետ թիմն այս տարի հաղթանակի չհասավ, սակայն բոլորը ձեռք բերեցին նոր ընկերներ, անմոռանալի ժամանակ անցկացրին, հմտացան փրկարարական եւ առաջին օգնության գործում։ Երիտասարդ աղջկան տպավորել էր հատկապես Բելառուսի հրշեջ ծառայության կազմավորման 165-ամյակին նվիրված շքերթը, որի ժամանակ ցուցադրվել էին ջրափրկարարական նորագույն սարքավորումներով հետախուզական հնարքներ։ «Գոմելը հրաշալի վայր էր՝ խիտ բնությամբ, սպորտային ժամանցի միջոցներով։ Խարույկ վառեցինք, երգեցինք, մյուսներին քոչարի պարել սովորեցրինք։ Մեկնման օրը բոլորս միմյանց հայերենով էինք բարեւում»,-  վերհիշեց մարզիկը։

Հավաքի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային վարժանք, թեմատիկ սեմինարներ եւ կլոր սեղաններ, այց դեպի Գոմել քաղաքի լավագույն տեսարժան վայրերից մեկը՝ Ռումյանցեւների եւ Պասկեւիչների պալատ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է հայկական թիմը