Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված արշավականին

Փրկարարները գտել են մոլորված արշավականին

1135
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 700 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Համայնքամերձ բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ հրշեջ-փրկարարներին օգնել են հարակից համայնքների բնակիչները, մոտակայքում տեղակայված զորամասի զինծառայողները, կոմունալ ծառայությունների աշխատակիցները:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 116 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի, Աջափնյակ վարչական շրջանների և Շիրակի մարզի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք:  8 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր:

Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում զգացվել են թույլ ցնցումներ։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետախուզության արդյունքում պարզվել է, որ հնարավոր պատճառը տան մոտակայքով անցնող Ապարան-Երեւան ջրագծի ջրի ուժեղ ճնշումն է։

Կենտրոն բաժնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Պարզվել է, որ քաղաքացին պատշգամբում խորոված է պատրաստում։

Արմավիրի փրկարարները Գրիբոյեդով գյուղի գերեզմանատան մոտակայքում վիրավոր արագիլ են  հայտնաբերել և տեղափոխել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։

Արարատի փրկարարները ահազանգ են ստացել, որ մանկապարտեզի սաներից մեկն արգելափակվել է ճաղավանդակների արանքում։ Փրկարարներն օգնել են 3-ամյա փոքրիկին։

Լոռու փրկարարները Սպիտակ քաղաքի բնակչից ահազանգ են ստացել, որ տներից մեկին հարակից այգու ծառի վրա օձ կա։ Տեղում պարզվել է՝ ծառից փուչիկ է կախված, որն օձի տպավորություն էր թողնում։

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Լաստիվեր» կոչվող հանգստյան գոտու մոտակա անտառում մոլորվել էր արշավախմբի անդամներից մեկը։ Փրկարարները հայտնաբերել են 17-ամյա պատանուն։