Գլխավոր Միջոցառումներ ՔՈՓ թիմի վարժանք Լոռու մարզում

ՔՈՓ թիմի վարժանք Լոռու մարզում

877
Տարածել

Հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ը Լոռու քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմն անցկացրեց «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով 36-ժամյա հերթական դաշտային վարժանքը:

Վրանային ավանի ծավալման եւ որոնողափրկարարական աշխատանքների համար ընտրվել էր երկու տեղամաս՝ Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի եւ «Չինվան» արտադրական ձեռնարկությանը հարակից տարածքները: Ըստ սցենարի՝ գրանցվել է 7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղի մատույցերում: Մեծ վնասներ է կրել հատկապես Երեւան քաղաքը՝ զանգվածային ավերածություններ, բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Լոռու 47 հոգանոց ՔՈՓ թիմը ժամանում է աղետի գոտի:

Վարժանքի ընթացքում խաղարկվեցին մի շարք սցենարներ․ ինչպես ամրակապել վնասված բազմահարկ շենքի թույլ կոնստրուկցիաները, շենքից պարանի միջոցով դուրս բերել տուժածներին, որոնողական աշխատանքներ կատարել փլատակներում, փրկվածներին ցուցաբերել առաջին օգնություն:

Վարժանքին ներկա էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի սկաուտական խմբի ճամբարականները, որոնցից 6-ը հանդես եկան նմանակողների դերում:

Վարժանքը գնահատվեց բավարար: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ՔՈՓ թիմի  վարժանքների սցենարից դուրս երբեմն անսպասելի իրավիճակներ են խաղարկվում, ինչն ավելի է ամրապնդում փրկարարների հմտությունները: Միակ խնդիրը նյութատեխնիկական բազայի համալրման անհրաժեշտությունն է:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ