Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վիրավոր արագիլները տեղափոխվել են կենդանաբանական այգի

Վիրավոր արագիլները տեղափոխվել են կենդանաբանական այգի

659
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 600 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Համայնքամերձ բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ հրշեջ-փրկարարներին օգնել են հարակից համայնքների բնակիչները, մոտակայքում տեղակայված զորամասի զինծառայողները, կոմունալ ծառայությունների աշխատակիցները:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 110 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն եւ Արարատի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 10 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր: Վանաձորի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վարդանանց փողոցի տնակներից մեկից լեշի հոտ է գալիս, հատակը քանդելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները քանդել են տնակի հատակը եւ դուրս բերել լեշը: Արմավիրի փրկարարները Շահումյան, Արտիմետ, Հուշակերտ, Լուսագյուղ գյուղերում հայտնաբերված վիրավոր արագիլներին տեղափոխել են Արմավիրի կենդանաբանական այգի: