Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են կորած երեխային

Փրկարարները գտել են կորած երեխային

1682
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 700 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 400 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Շենգավիթ, Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Էրեբունի վարչական շրջանների եւ Կոտայքի ու Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 10 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր: Էրեբունու փրկարարները կեսգիշերին ահազանգ են ստացել, որ մատանին մնացել է քաղաքացու մատին եւ դուրս չի գալիս: Փրկարարները մատանին դուրս են բերել 25-ամյա աղջկա մատից: Լոռեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վանաձորի Վարդանանց փողոցում՝ «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան աղջիկ: Ահազանգը ստանալուց մոտ 30 րոպե անց հրշեջ-փրկարարները եւ ոստիկանները հայտնաբերել են երեխային եւ հանձնել ընտանիքին: