Գլխավոր Միջոցառումներ Պատրաստ են երիտասարդ կամավորների արձագանքման թիմերը

Պատրաստ են երիտասարդ կամավորների արձագանքման թիմերը

2635
Տարածել

Ինչպես տեղեկացրել էինք, Հայկական կարմիր խաչի ընկերությունը «Բարելավված արտակարգ իրավիճակներին նախապատրաստում եւ համակարգված արձագանքում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Երեւանում, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում արագ արձագանքման թիմեր է պատրաստում:

Երիտասարդ կամավորների խմբերի ուսուցման ծրագիրը երեք փուլով էր՝ Կարմիր Խաչի գործունեության ուսումնասիրություն, առաջին օգնություն եւ հոգեբանական պատրաստվածություն, փրկարարական գործ։ Երրորդ փուլն անցկացվեց «Լոռէ» տուրիզմի եւ ակտիվ հանգստի կենտրոնում՝ «Լոռէ» փրկարար ջոկատի հրահանգիչների մասնակցությամբ։

Մասնակիցները ծանոթացել են փրկարար ուժերի գործունեությանն ու փրկարարական աշխատանքների անվտանգության նորմերին, ձեռք բերել իրավիճակի գնահատման, հետախուզության եւ որոնողափրկարարական հմտություններ։ Տեսական գիտելիքներ յուրացնելուց հետո կամավորները գործնական պարապմունքներ են անցկացրել հիդրավլիկ գործիքներով եւ էլեկտրական սարքերով. վթարված մեքենայից տուժածի դուրսբերում, պայթյունից եւ երկրաշարժից առաջացած փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ, գետնանցում։ «Փրկարարական գործիքներն իրենք էին ընտրում, մենք միայն ցուցումներ եւ միջանկյալ առաջադրանքներ էինք տալիս, որպեսզի տեսնենք, օրինակ, ինչ լուծումներ են տրվում որեւէ գործիքի խափանման դեպքում։ Երեւանի արձագանքման թիմն իր սեփական սցենարը խաղարկեց՝ ինչպես գործել դպրոցական քիմիայի լաբորատորիայում արտակարգ իրավիճակի դեպքում։ Ինքներս շատ բան սովորեցինք նրանցից»,- ասաց «Լոռէ» ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանը։

Վարժանքների ժամանակ տեղ գտած թերությունները քննարկման արդյունքում շտկվել էին։ Արմեն Առաքելյանը տպավորված էր հատկապես շտաբային խաղ-վարժանքի ընթացքում մասնակիցների դրսեւորած ճկունությամբ եւ թիմային աշխատանքով: Համայնքային կարողությունները գնահատելու առաքելությունը ստանձնած լոգիստիկայի մասնագետները կարճ ժամանակում հավաքել էին անհրաժեշտ ինֆորմացիան՝ համայնքային ճանապարհների, փրկարարների եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների, համայնքի տեխնիկական հնարավորություննների, անօթեւաններին վրաններով, սննդով, ջրով ապահովման եւ այլ հարցերի վերաբերյալ։ Հատկապես աչքի էին ընկել աղջիկները, որոնք արագ կողմնորոշման, բարդ գործիքները գործարկելու հարցում կոտրել էին բոլոր կարծրատիպերը։

Քառօրյա դասընթացն ավարտվել էր խարույկի շուրջ խոսք ու զրույցով, երաժշտական կատարումներով։

Հոկտեմբերին, նախատեսվում է արձագանքման բոլոր թիմերի համատեղ վարժանք, որի նպատակն է ստուգել պայմանական հակամարտության գոտում կամավորների գործողությունները, համագործակցությունը արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանական ուժերի, համայնքի ղեկավարության եւ այլ կառույցների հետ։ Վարժանքին կմասնակցեն նաեւ վրացի Կարմիրխաչականները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ վարժանքը կանցկացվի Հայաստանում։

Մանրամասներն՝ առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ