Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Բարձր ջերմաստիճանով պայմանավորված աճել է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների եւ Տավուշի ու Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 21 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:
Այլ կանչեր: Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցում երկու քաղաքացի չեն կարողանում իջնել երկհարկանի կիսակառույց շինության տանիքից: Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին իջեցրել են տանիքից: Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շոպրոնի փողոցում մեծ քանակությամբ սնդիկ է թափված: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ճառագայթային, քիմիական, կենսաբանական, միջուկային մոնիտորինգի մասնագետ փրկարարները հավաքել են թափված սնդիկը, հրշեջ-փրկարարները լվացել են տարածքը: Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նորաշեն թաղամասում 7 եւ 12 տարեկան երեխաները տան մենակ են եւ վախեցած: Դեպքի վայր է մեկնած հոգեբան-փրկարարը երեխաների հետ զրուցել է եւ հանգստացրել նրանց:
Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մեծամոր գյուղում վիրավոր արագիլ է ընկած: Փրկարարները արագիլին տեղափոխոխել են Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի: Կոտայքի, Սյունիքի, Շիրակի փրկարարները տարբեր վայրերում արգելափակված՝ ջրհոր, ձոր, ջրափոս, տան նկուղ, խոշոր եղջրավոր անասուններին հանել եւ վերադարձրել են տերերին:
Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ