Գլխավոր Միջոցառումներ Ձեռագործը ստեղծագործական ներուժի լրացման աղբյուր է (լուսանկարներ)

Ձեռագործը ստեղծագործական ներուժի լրացման աղբյուր է (լուսանկարներ)

1554
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության թանգարանում բացված ԱԻՆ աշխատակիցների հեղինակած աշխատանքների ցուցադրությունում ներկայացված են եղել նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի եւ հաշվապահ Քրիստինե Առաքելյանի աշխատանքները:

Երկուսն էլ պատվոգիր են ստացել:

Աշխատանքային ու ծառայողական պարտականություններից ազատ ժամանակը տիկին Ղարիբյանը տրամադրում է ժանյակագործությանը, ասեղնագործությանը, հելունագործությանը, շյուղագործությանը, հագուստի մոդելավորմանը եւ այլն:

Այս ցուցահանդեսը Հայկանդուխտ Ղարիբյանի համար առաջինը չէ: Նա այլ ցուցահանդեսների էլ է մասնակցել, պատվոգրեր ունի: 100-ից ավելի աշխատանքների հեղինակ է: «Ոչ մի աշխատանք չեմ վաճառել եւ աշխատանքներս վաճառելու նպատակ երբեք չեմ ունեցել: Ինձ միշտ մեծ բավականություն է պատճառել նվիրելը: Նվիրելուց էլ հաշվի եմ առել մարդու նախասիրություննները, ճաշակը»,- հիշում է Հայկանդուխտ Ղարիբյանը:

Գիտական, ուսումնական աշխատանքներով հագեցած առօրյայով ապրող պրոռեկտորի համար ձեռքի աշխատանքը պարզապես հոբբի ու զբաղմունք չի: «Ձեռագործ ստեղծագործական աշխատանքը, հագուստի մոդելավորումը յուրօրինակ միջոց է լիցքաթափվելու համար, իսկ ամենակարեւորը՝ խթան եւ սռեղծագործական ներուժի լրացման աղբյուր հիմնական գործունեության համար», — մեզ հետ զրույցում նշեց ՃԿՊԱ պրոռեկտորը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ