Գլխավոր Միջոցառումներ Դաշտային վարժանք ուսանողների մասնակցությամբ (լուսանկարներ)

Դաշտային վարժանք ուսանողների մասնակցությամբ (լուսանկարներ)

2876
Տարածել

2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի 3-րդ եւ 4-րդ կուրսերի ավելի քան 111 ուսանողի մասնակցությամբ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվեց ցուցադրական գործնական դաշտային պարապմունք-վարժանք՝

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group INSARAG) սահմանած չափանիշներով: Առաջին անգամ էր, որ վարժանքն անցկացվում էր ուսանողների մասնակցությամբ:

Այսօր «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվեց ուսանողների մասնակցությամբ երկրորդ դաշտային վարժանքը: Առաջին վարժանքին հետեւում էին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» երեւանյան եռօրյա միջազգային համաժողովի մասնակից տեղացի եւ օտարերկրյա փորձագետները: Երկրորդ վարժանքին հետեւում էին Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի մասնակից տեղացի եւ օտարերկրյա փորձագետները:

Վարժանքի թեման էր. «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը երկրաշարժի դեպքում»: Մասնակցում էր ակադեմիայի 96 ուսանող, այդ թվում՝ տուժածներին եւ ականատեսներին նմանակողները, անվտանգությունն ապահովում էր ակադեմիայի 11 դասախոս:

Վարժանքի ղեկավար, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանի խոսքով, ըստ սցենարի երկրաշարժ է գրանցվել Գառնի գյուղի մատույցներում, տուժել են նաեւ Երեւան, Աբովյան քաղաքները, հարակից այլ բնակավայրեր, վնասվել է Արգելի ջրամբարի պատվարը, հրդեհի 36 օջախ կա, գարեջրի գործարանից ամոնիակի արտահոսք է եղել: Վարժանքը վեց տեղամաս ուներ. ղեկավարման շտաբ, բարձրահարկ շինություն, որի վերեւի հարկերում մարդիկ են արգելափակվել, փլատակներ, որոնց տակ մարդիկ կան, երկաթուղային շարժակազմ, որտեղ հրդեհ է եւ ծխապատ գոտի, մարդիկ խուճապահար են, վթարված ավտոմեքենա, որի մեջ մարդիկ են արգելափակվել, տեսակավորման հրապարակ, որտեղ տուժածներին բաժանում են խմբերի՝ ըստ վնասվածքների ծանրության աստիճանի: Ամեն տեղամասում առանձին խումբ էր աշխատում: Օրինակ, «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտություն ընտրած ուսանողները ավտովթարի հետևանքներն էին վերացում, հրդեհաշիջման աշխատանքներում ներգավված էին «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության ուսանողները, փլատակները մաքրում էին «Փրկարարական գործի» ուսանողները:

Վարժանքի արդյունքները կամփոփվեն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Այդ մասին՝ առաջիկայում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ