Գլխավոր Միջոցառումներ Աղետները չունեն սահմաններ. Ջանքերի մեկտեղում է պետք

Աղետները չունեն սահմաններ. Ջանքերի մեկտեղում է պետք

1596
Տարածել

Այսօր եւ վաղը Երեւանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Սա աննախադեպ միջազգային հավաք է: Սակայն աղետների ռիսկի կառավարման ոլորտի հարցերի վերաբերյալ միջազգային հավաքներ անցկացելու փորձ Հայաստանն ունի: 2013 թվականից Հայաստանում անցկացվել են «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 4 միջազգային համաժողով, 2017-ին անցկացվել է «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողով: Ի հավելումն կազմակերպվել են խորհրդարանական լսումներ «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եւ «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմաներով, որոնց մասնակցել են թե տեղացի, թե օտարերկրյա փորձագետներ:

Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի կարգախոսն է. «Միասին հանուն դիմակայունության բարձրացման եւ կայուն զարգացման»: Մասնակցում են աղտների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտում ծրագրեր իրակացնող միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ մասնագետներ Հայաստանից, Շվեյցարիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, այլ երկրներից:

Հավաքի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ռաաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մանի Միզուտորին: Բանախոսները կարեւորեցին աղետակայուն երկիր հասարակություն ունենալու հարցում միասնական գործելու, հաջողված փորձի փոխանակումը,    կոլեկտիվ պատասխանատվությունը: Ամենը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի տրամաբանության մեջ. ավելի որակյալ շինարարություն, նորարարական տեխնոլոգիաներ եւ մոտեցումներ, իրազեկում, կրթություն եւ այլն:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը նկատելով, որ աշխարհում աղետավտանգ գոտում ապրում է 1,5 միլիարդ մարդ, կարեւորեց աղետների ռիսկի նվազեցման հարցում միասնական ընկալումները, Հայաստանի ԱԻ նախարարը վստահ է, որ մարտահրավերների դեմ միջազգային համագործակցությունը կնպաստի կայուն եւ ճկուն լինելուն: Պաշտպանության նախարարը նկատեց, որ աղետները սահմաններ չեն ճանաչում եւ բոլոր ռեսուրսների համախմբում է պետք: Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործում ներգրավված են բազմաթիվ պետական կառույցներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը: Մեքսիկայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության բաժնի ներկայացուցչի խոսքով, յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի աղետներից եւ դրանց ժամանակ վարքականոնից: Իսկ դրա համար պետք են վերապատրաստումներ եւ կրթություն: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվտալսկին էլ նկատեց, որ Հայաստանը աղետների ռիսկի կառավարման ոլորտում հաջողված փորձ ունի, Եվրամիությունն էլ հավատում է այս ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, ինչ կարելի է իրականացնել կայուն զարգացման եւ աղքատության կրճատման ծիրում:

Միջազգային կառույցների ներկայացուցիչներն արձանագրեցին, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաջողությամբ աշխատում է թե տեղում, թե միջազգային մակարդակներում:

Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի մասին այլ մանրամասներ՝ հաջորդիվ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ