Գլխավոր Նորություններ Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 30 տոննա ջուր

Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 30 տոննա ջուր

1015
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 80 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Արարատի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 12 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր: Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկում ծածկոցը ընկել է ալեհավաքի վրա: փրկարարները ծածկոցը հեռացրել են ալեհավաքի վրայից: Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկում տեղադրված ջրի բաքի խողովակը խցանվել է, նկուղը ջրալցվում է: Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 30 տոննա ջուր: Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տաթեւ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարների եւ ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցների ջանքերով մոտ 18 խմ քար է հեռացվել եւ վերականգնվել է ճանապարհի երթեւեկությունը:

Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ եւ այստեղ: