Գլխավոր Միջոցառումներ ԱԺ լսումներ. Առաջ անցնենք վտանգներից

ԱԺ լսումներ. Առաջ անցնենք վտանգներից

836
Տարածել

Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեց «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին բացի տեղացի մասնագետներից, մասնակցում էին նաեւ հունիսի 26-ին եւ 27-ին Երեւանում կայանալիք Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմին մասնակցելու համար Հայաստան ժամանած այլ երկրների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ելույթներ ունեցան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Արա Նազարյանը, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մանի Միզուտորին, ՀՀ կրթության եւ գիտության, բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Ելույթները տարբեր էին, մեկն էլ տրամաբանություն-թիրախը. պետք է ունենանք դիմակայուն համայնքներ եւ պետություն, աղետների ռիսկի նվազեցում կառավարումը մեկ գերատեսչության հարց չէ, բոլորի ջանքերի մեկտեղում է պետք՝ համայնքներ, մասնավոր, գիտական հիմնարկներ, պետություն: Աղետներից աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում, մշակութային արժեքների, տնտեսությունների վնասները չափվում են տասնյակ միլիոն դոլարներով: Ոստի պետք է մեծացնել եւ ընդլայնել աղետների ռիսկի նվազեցման անդրսահմանային, տարածաշրջանային, միջազգային համագործակցությունը; Իսկ դրա համար պետք է օրենսդրության շարունակական կատարելագործում, հանրային իրազեկման մակարդակիր աճ, ԱՌՆ կրթության որակի բարձրացում:

Այս բոլոր ոլորտներում էլ Հայաստանն ասելիք ունի. միացել է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին», ընդունել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն», ստեղծել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ», որը քննարկումների հիանալի հարթակ, բազմակողմ մեխանիզմ ու միջավայր է: Լսումների մասնակիցները վստահ են, որ աղետների ռիսկի կառավարումը առանցքային պարտավորություն-պատասխանատվություն է, ոչ լուրջ մոտեցում չպետք է լինի եւ պետք է ոչ թե արձագանքել աղետներին, այլ առաջ անցնել վտանգներից եւ ձեւավորել անվտանգության մշակույթ, ունենալ մի հասարակություն, որը պատրաստ է աղետներին եւ ինչպես կեսկատակով նկատեց բանախոսներից մեկը «կարող է աղետի ժամանակ նստել ու հանգիստ սուրճ խմել»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ