Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Համալրվում են տարհանման պլանները

Վարժանքներ․ Համալրվում են տարհանման պլանները

977
Տարածել

Վերջին երկու օրերին շարունակվել են տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բարձրացմանն ուղղված ուսումնավարժությունները։

Վանաձորի «Գարի Գրուպ» կենտրոնական հանրախանութում անցկացված վարժանքին մասնակցել է փրկարարական երեք օղակ, երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ ստուգելու մարզային ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը։

Վանաձորի թիվ 1 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արարատ Արարատյանը մանրամասնեց՝ քառահարկ հանրախանութն այժմ վերանորոգվում է: Շենքն ունի ազդարարման համակարգ, հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրավազաններ։ Տնօրինության հետ պայմանավորվել են համատեղ քննարկել տարհանման պլանները, ուղենիշների տեղադրումը եւ այլ հարցեր։

Վանաձորի քաղաքապետարանի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» մշակույթի պալատում իրականացվել էր տարհանում։ Պատահականությամբ վարժանքի օրը շենքում են եղել թիվ 33 մանկապարտեզի սաները, որոնք նույնպես ներգրավվել են գործընթացում։ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հովիկ Սահակյանի խոսքով՝ շենքը չունի տարհանման սխեմաներ, կրակմարիչների քանակը սահմանափակ է, մուտքերի դիմաց աթոռներ էին շարված։ Հրահանգվել է շտկել թերությունները։ Անձնակազմի գիտելիքը եւ պատրաստվածությունը գնահատվեց լավ։

Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի լաբորատորիայում վարժանք անցկացրեց Արմավիրի ջոկատը։ Ուսումնական հաստատությունն ունի կրակմարիչներ, առաջնային հրդեհաշիջման միջոցներ, լաբորատորիան հագեցած է անհատական պաշտպանության միջոցներով։

«Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը նախադպրոցական հաստատությունում» թեմայով ուսումնավարժություն կազմակերպվեց Նոյեմբերյանի թիվ 1 մանկապարտեզում։ «Երեխաները շատ են ուրախանում փրկարարներին եւ հրշեջ-մեքենաները տեսնելիս։ Հետաքրքիր էր տնօրենի մոտեցումը հարցին․ վարժանքից հետո հարցուփորձ արեց՝ ով է տեղյակ 911 հեռախոսահամարից, տարբեր արտակարգ իրավիճակներում գործելու քայլերի հաջորդականությունից։ Փոքրիկները սկսեցին պատմել իրենց փրկարար հարազատների մասին, ճշտել փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու պայմանները»,- հիշեց Նոյեմբերյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը։

Մանկապարտեզի սաների խնդրանքով փրկարարները հնարավորություն էին տվել բռնել փողակն ու հրդեհաշիջում կատարել։

Հրամանատարը մանկապարտեզի մեկ այլ առանձնահատկություն նշեց՝ ամեն դաստիարակ իր խմբի ազդարարումը կատարում է սուլիչով երեք անգամ սուլելով։ Տարհանվելիս կիրառվել էին մեկհարկանի շենքի բոլոր ելքերը։ Շենքն ունի հակահրդեհային վահանակ, կրակմարիչներ։

Վարժանք էր անցկացվել Երեւանի Նաիրիտ գործարանի քլորոպրենի արտադրության 1-18 արտադրամասում։ Հատուկ հրշեջ-ջոկատը կատարել է հրդեհաշիջման եւ հովացման աշխատանքներ արտադրամասի պահեստարանում, որտեղ 500-600 տոննա տարբեր քիմիական նյութեր են պահվում։ Հրամանատար, փ/ծ գնդապետ Արարատ Ավագյանն ասաց՝ պետք է ամեն պահ պատրաստ լինել տեխնոլոգիական տարբեր վթարների։ Հատկապես շոգ եղանակին պահեստարանի տարողությունը տաքանում է, եւ չնայած մեկուսացման շերտերին՝ գոլորշիացման վտանգ կարող է լինել, ինչը կհանգեցնի պայթյունի։ Թեեւ գործարանի աշխատանքն առժամանակ դադարեցված է, սակայն արտադրամասի երկու աշխատակից գիշեր-ցերեկ հերթապահում են տարածքում։ Ըստ պայմանավորվածության՝ նրանք շուտով պայմանագիր կկնքեն եւ կդառնան ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետ։

Շենգավիթ վարչական շրջանի «Պրեմիում ֆուդ» ընկերությունում պայմանական հրդեհ էր բռնկվել վարչական շենքի խորհրդակցությունների դահլիճում։ «Վարչական շենքը հարակից է սուրճի արտադրամասին, որը նախկինում սպիրտի արտադրամաս է եղել։ Հրդեհը կարող է արագ տարածում ունենալ։ Փորձեցինք վարժանքը հնարավորինս իրականին մոտ կազմակերպել։ Կարեւորվեց նախքան փրկարարների ժամանելը գործարանի քաղպաշտպանական կազմավորումների գործողությունները՝ տարհանում, առաջնային միջոցներով հրդեհաշիջում, տեխնոլոգիական պրոցեսների անվտանգ դադար եւ այլն»,- ասաց Երեւանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն Գեւորգյանը։ Ընկերությունում կան կրակմարիչներ, ձեռք կգործարկվի նաեւ ազդարարման համակարգ։

Վարժանքներ են անցկացվել նաեւ Քաջարանի թիվ 1 մանկապարտեզում, Վարդենիսի քաղաքապետարանում, այլուր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ