Գլխավոր Վերլուծություն Քարահունջի սողանքը. 40 ընտանիքի անկայուն ներկան ու ապագան

Քարահունջի սողանքը. 40 ընտանիքի անկայուն ներկան ու ապագան

1429
Տարածել

Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայր այցելողի աչքից չեն վրիպի իրար թիկնած գյուղական տներն ու հեկտարներով անմշակ հողատարածքները:

Բնակիչ Էլմիրա Հարությունյանը զգուշավորությամբ բացում է ճկված դարպասն ու զրույցի կանչում: Օրեր առաջ հարեւան շենքի պատը խոնավությունից փլուզվել է, առաջին դեպքը չէ: «Բոլորն ասում են՝ էս տանը ոնց եք ապրում: Տան շեմն ու բակը իրարից կտրվել են, պատերը՝ ճաք տվել: Երբ սեղանին ջրալի կերակուր եմ դնում, ջուրն ափսեից թափվում է շենքի թեքության պատճառով: Մարզպետարանից ու քաղաքապետանից եկել են, նկարել: Փոխհատուցման ցուցակում երրորդն ենք»,- սրտնեղած պատմում է 70-ամյա թոշակառուն:

Ընտանիքում յոթ շունչ կա: Միակ ապրուստը փոքրիկ հողամասի բերքն ու մի կովն են: Տանը խոնավությունը զգալի է դառնում հատկապես անձրեւների ժամանակ, նույնիսկ պատին կախած գորգն է թրջվում: Տունն էլ, հակառակի պես, արեւկող չէ, քիչ է օդափոխվում, ինչի պատճառով առաջին դասարանցի թոռը երբեմն հիվանդանում է:

Քարահունջ գյուղում սողանքային երեւույթներ դիտվել են դեռեւս 1931 թվականից: 1968 թվականին Զանգեզուրի երկրաշարժից հետո ակտիվ սողանքի գոտում հայտնված 170 ընտանիք փոխհատուցում է ստացել եւ տներ կառուցել անվտանգ վայրում: Բնակավայրի վարչական մասի օպերատոր, առաջատար մասնագետ Ծովինար Սարգսյանի հաղորդմամբ՝ դեռ 40 ընտանիք շարունակում է «վախով» ապրել նախկին գյուղի տարածքում: Նրանցից ոմանք խոստացված փոխհատուցմանն են սպասում, մյուսները պետական աջակցություն ստացածների զավակներն են, որոնք առանձնացել են մեծահասակներից:

2012 թվականին սողանքի զանգվածային շարժի պատճառով մշակովի այգիները սահել ու ծածկել էին պետական նշանակության Քարահունջի ավտոճանապարհը: Կառավարությունը նպատակահարմար գտավ նորը կառուցել, որը, մասնագետի խոսքով, կրկին վտանգված է՝ սողանքի ուղղությամբ դեպի ներքեւ իր տեղակայության պատճառով: «Խորհրդային տարիներին ճապոնացի եւ կորեացի մասնագետներ, ապա 2004-ին՝ հայ երկրաբաններ եկան տեղանքում հետազոտություններ կատարելու, սակայն այդպես էլ որեւէ կանխարգելիչ միջոցառումներ չեղան»,- նշեց Ծովինար Սարգսյանը՝ հավելելով, որ Քարահունջի պես փոքր համայնքի 20-25 հեկտար հողատարածք մնում է անանցանելի եւ անմշակ, ինչը մեծ վնաս է:

Երկրաբան Հայկ Բաղդասարյանի խոսքով՝ 2004 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսերին Սյունիքի մարզպետարանի եւ «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության համագործակցությամբ Քարահունջ գյուղում կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունները ցույց են տվել, որ սողանքն «անավարտ տեղաշարժով» հնագույն լանջային կառուցվածք է, որի զարգացման ընթացքում կարող են նկատվել պարբերական ակտիվացում եւ սողանքային զանգվածների դանդաղ շարժ: Վերջին տվյալներով՝ սողանքային մարմնի երկարությունը մոտ 1100 մ է, միջին լայնությունը` 150 մ, մակերեսը` մոտ 15 հա:

16-րդ դարում հիմնադրված Քարահունջը նախկինում տեղակայված էր ժամանակակից սողանքից հարավ՝ աջ կողեզրի մոտ, հողերը ծածկված էին այգիներով եւ տնամերձ տնտեսություններով: 1968 թվականի Զանգեզուրի երկրաշարժի պատճառով կտրուկ փոխվեց լանջի կայունությունը, իսկ 1970-ականների կեսերին սողանքային զանգվածների ակտիվ տեղաշարժի պատճառով ձեւախեղվեցին բազմաթիվ տներ:

Հայ երկրաբանների կարծիքով՝ սողանքի շարժին նպաստում են տեղումները, հին Քարահունջ գյուղի տարածքից եկող կենցաղային ջրերը, խորքային ջրերի հոսքը: Ուսումնասիրությունների ժամանակ հատկապես կարեւորվել էր սեյսմիկ վտանգը: Ենթադրվում է, որ սեյսմիկ իրադարձության դեպքում Քարահունջի սողանքային տեղամասում գրունտների արագացումները բավարար են սողանքային լանջի հավասարակշռությունը խախտելու համար: Այս համատեքստում բավական ռիսկային է սողանքի գլխամասից վերեւ գտնվող բազալտային սարահարթի քիվի (ժայռային ելք) փլուզումը: Տարածաշրջանի բարձր սեյսմիկության պայմաններում հնարավոր է ժայռային ապարների ճեղքերով բազալտային խոշորաբեկորների պոկում, ինչը կարող է վնասել բնակելի տներին:

Մասնագետներն առաջարկում են ոռոգման նպատակով օգտագործվող Քարահունջի ջրամբարից հոսող ջրի ներհոսքը դեպի սողանքային տեղամաս իրականացնել մեծ տրամագծով ջրանետային խողովակով, ճիշտ կազմակերպել սեզոնային ոռոգման աշխատանքները՝ հողի գերխոնավեցումը կանխելու համար, դադարեցնել Քարահունջ գյուղից կոյուղային եւ այլ կենցաղային ջրերի հոսքը, անձրեւային եւ հալոցքային ջրերի վերահսկման նպատակով սողանքային լանջի վերին մասում կառուցել ցամաքուրդային առու: Ինչ վերաբերում է բազալտային զանգվածին՝ նոր ճեղքերի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է իրականացնել համապատասխան հակափլուզումային միջոցառումներ` ամրակցում, ճեղքերի ցեմենտացում եւ այլն:

Առայժմ որեւէ հակասողանքային միջոցառում չի իրականացվել, միայն գրունտներում առաջացող մեծ ճեղքերը ժամանակավորապես  «փակում են» գյուղի բնակիչները, այն էլ՝ ապարդյուն: Մարզային փրկարար ուժերը կատարել են ծառատունկ, պարբերաբար անցկացվում են բնակչության պաշտպանության վերաբերյալ շտաբային ուսումնավարժություններ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ