Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Կարեւորվում է անձնակազմի պատրաստվածությունը

Վարժանքներ․ Կարեւորվում է անձնակազմի պատրաստվածությունը

1444
Տարածել

Հունիսի 18-20-ը Երեւանում եւ մարզերում անցկացվել են տարբեր թեմաներով ուսումնավարժություններ։

Արմավիրի «Իսո մոլ» առեւտրի կենտրոնում վարժանքի ժամանակ նախապես հոսանքազրկվել է ամբողջ շենքը, ինչից էլեկտրական դռներն ավոտամատ կերպով բացվել են։ Անձնակազմը կարողացել է կազմակերպված տարհանում իրականացնել երկհարկանի շենքից։ Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Մուշեղ Պետրոսյանի հաղորդմամբ՝ նորակառույց առեւտրի կենտրոնն ունի կրակմարիչներ եւ ներքին ջրածորակներ, ինչը հազվադեպ է: Առեւտրի կենտրոնը միացած է «ՍՕՍ սիսթեմս» հակահրդեհային համակարգին, բոլոր ելքերը գործում են։

Վաղարշապատի «Մուսալեռ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ուսուցանվել են հրդեհի դեպքում իրենց առաջնային գործողությունները, կատարել դերաբաշխում՝ հրդեհավտանգ նյութերի մասին տվյալների հավաքագրման, արտակարգ իրավիճակում հանգստացողներին ուղեկցելու եւ այլն։ Արմավիրի ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Վարդան Մալխասյանի խոսքով՝ ռեստորանային համալիրն ունի ներքին ջրացանց, կրակմարիչներ, միացված է «ՍՕՍ սիսթեմս» համակարգին։

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 146 մանկապարտեզում փրկարարները ստուգել են կազմավորումների գործողությունները։ Ներգրավվել է պայմանական տուժած, խաղարկվել է հրդեհ, կիրառվել են կրակմարիչներ։ «Շատ լավ աշխատեց առաջին օգնության խումբը։ Ցանկալի կլինի, որ բուժկետը համալրվի պատգարակով եւ  դեղորայքի պայուսակներով։ Կրակմարիչների վերալիցքավորման եւ համալրման գործընթացն ընթացքի մեջ է։ Ելքերից մեկը չէր գործարկվում՝ այլ կենտրոնին հարակից լինելու պատճառով, թեեւ 3 ելքը լիովին բավարար էր ամբողջ անձնակազմին անվտանգ տարհանելու համար»,- մանրամասնեց  Երեւանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն Գեւորգյանը։

Երկրաշարժի ժամանակ առաջացած փլուզումների ժամանակ առաջին օգնության թեմայով վարժանք անցկացրեց թիվ 4 պոլիկլինիկայի անձնակազմը։ Հնչել էր ձայնային ազդանշանը, գործի էին դրվել բարձրախոսներ բնակչությանն իրազեկելու նպատակով։ Մասնակցել էին նաեւ պոլիկլինիկայի հիվանդներ։

Վարժանք է իրականացվել նաեւ Մեղրի քաղաքի գործարաններից մեկի վառելիքաքսուկային  նյութերի   պահեստում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ