Գլխավոր Միջոցառումներ Կարեւոր է ոչ միայն գույքը, այլեւ՝ մարդկային ռեսուրսը

Կարեւոր է ոչ միայն գույքը, այլեւ՝ մարդկային ռեսուրսը

643
Տարածել

Հունիսի 26-ին եւ 27-ին Երեւանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Այս ձեւաչափով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։ Միջոցառումը կազմակերպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարությունը (UNISDR)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ECHO), Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» աջակցությամբ:

Միջոցառմանն ընդառաջ այսօր մամուլի ասուլիսում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը խոսեցին աշխարհում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում աղետների ռիսկերի կառավարման մարտահրավերներից, միասնական քաղաքականության որդեգրման անհրաժեշտությունից, փորձի փոխանակումից:

Շոմբի Շարփի խոսքով՝ կլիմայի փոփոխություններն անհետեւանք չեն մնում․ աշխարհում բնական աղետներից տուժում են միլիարդավոր մարդիկ, գրանցվում է միլիարդավոր դոլարների նյութական վնաս։ Աղետների ռիսկերի նվազեցումը դարձել է համամարդկային խնդիր։ Խոսելով «80 տոկոս աղետավտանգ տարածք ունեցող» Հայաստանի մասին, բանախոսը շեշտեց միջազգային կառույցների հետ Հայաստանի կառավարության եւ ԱԻ նախարարության բաց համագործակցության պատրաստակամությունը․ «Նախորդ տարի մենք մեծաքանակ անտառային հրդեհների ականատես եղանք Վրաստանում։ Այդ ժամանակ ես Վրաստանում էի: Վրաստանի իշխանությունները կարեւորում էին հայ փրկարարների աջակցությունը։ Կարծում եմ՝ արագ արձագանքման ոլորտում երկրների միջեւ համագործակցությունն անհրաժեշտություն է։ Միայն տարածաշրջանային մակարդակով մտածելով եւ գործելով՝ հաջողության կհասնենք»։

Հովհաննես Եմիշյանը խոսեց Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներից, որոնք բնակչությանը կրկին աղետի մասին իրազեկելու եւ պաշտպանության հմտություններ զարգացնելու նպատակ ունեն։ Մատնանշելով աղետների ռիսկերի ոլորտում նախկին եւ ներկա ռազմավարական ծրագրերի տարբերությունները, այն է՝ ոչ միայն նվազեցնել, այլեւ կառավարել ռիսկերը, պաշտոնյան տեղեկացրեց, որ ամիսներ առաջ ակտիվացած Լոռու մարզի Թումանյան համայնքի սողանքի շարժը հաջողվել է ջրահեռացման միջոցով կանգնեցնել, ինչն աննախադեպ է։ «Աղետների ռիսկերի կառավարումն առնչվում է կայուն զարգացման հետ։ Մենք ունենք բազմաթիվ հին, ոչ սեյսմակայուն շենքեր, հաղորդակցության ուղիների, հատակագծերի հետ կապված խնդիրներ։ Բացի դրանից՝ կարողությունների ստեղծման անհրաժեշտություն կա․ ոչ միայն գույքն է կարեւոր, այլեւ՝ մարդկային ռեսուրսը, որակավորված մասնագետները։ Ամենամեծ կարողությունը հենց մարդն է, որը գիտի՝ ինչպես կառավարել ռիսկերը»,- ասաց Հովհաննես Եմիշյանը:

Հանդիպման մասնակիցները մտահոգություն հայտնեցին սեյսմակայունության տեսանկյունից բարձրահարկ նորակառույցների ռիսկերի, կցակառույցների, ապօրինի կառույցների վերահսկողության եւ ապամոնտաժման վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում խոսելով անվտանգության ոլորտում համայնքային մարմինների հետ համագործակցության խոչընդոտների մասին՝ Հովհաննես Եմիշյանը կարեւորեց համայնքի ղեկավարի կրթական ցենզի անհրաժեշտությունը, որը օրենքով ամրագրված չէ ։ «Արտերկրում համայնքի ղեկավարությունը հատակագծի հաստատման թույլտվություն է տալիս։ Հողահատկացման իրավասություն ունեցող համայքի ղեկավարը պետք է առնվազն պատկերացում ունենա՝ ինչ հնարավոր ռիսկեր կարող են առաջանալ, իսկ դրա համար գրագիտություն է պետք։ Բացի դրանից՝ քաղաքացիներն իրենք պիտի շահագրգռված լինեն համայնքում փոփոխություններ կատարել։ Օրինակ ՝ Շիրակի մարզի սողանքավտանգ Առափի գյուղում, որտեղ նախարարությունը հակասողանքային միջոցառումներ է իրականացրել, Ճապոնիայի դեսպանատունը վերանորոգել է ամբողջ ջրահեռացման համակարգը։ Եթե համայնքը կազմակերպված լինի, ներդրումներ էլ կլինեն»,- նկատեց Հովհաննես Եմիշյանը։

Տարածաշրջանային պլատֆորմի մանրամասները՝ առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ