Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սեւանի փրկարարներ. Ամառային լողասեզոնին ընդառաջ

Սեւանի փրկարարներ. Ամառային լողասեզոնին ընդառաջ

894
Տարածել

Շուտով կմեկնարկի ամառային լողաշրջանը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը մինչեւ սեպտեմբեր ուժեղացված ծառայություն կիրականացնի երեք հանրային լողափում։ Մոտակա օրերին կտեղադրվեն լողանշաններ, կարգի կբերվեն լողափնյա հենակետերը։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը ջոկատին նոր գույք է նվիրել՝ շտապօգնության մեքենա՝ հագեցած անհրաժեշտ պարագաներով, պահակային նավակ՝ կորվետ, փչովի ռետինե մոտորանավակ, որոնք կապահովեն դեպքերի արագ արձագանքումն ու այցելուների անվտանգ հանգիստը։ «ՌՄ 376» մակնիշի փրկարարական մեծ նավն արդեն իսկ նավամատույցում է՝ սարքին վիճակում։

ՀՋՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Երվանդ Նավասարդյանի խոսքով՝ ջրափրկարարներն առավոտից երեկո կշրջեն լողափերում, հանգստացողների հետ կտանեն բացատրական աշխատանքներ։ Տարիների փորձը վկայում է՝ շատերը լսում են անվտանգություն կանոններին հետեւելու եւ դրանք պահպանելու հորդորները, հիմնականում խնդիր են ստեղծում գինովցած քաղաքացիները, որոնք փրկարարների հետ երկար զրույցից հետո, ի վերջո, հրաժարվում են ոչ սթափ վիճակում լիճը մտնելուց։

Մեկ այլ խնդիր է Երեւան-Սեւան-Շորժա էլեկտրագնացքի «Սեւանի թերակղզի» կայարանի գետնանցումը, որի վատ սանիտարական պայմանների պատճառով շատերը նախընտրում են մայրուղին հատել վրայով, չմտնել գետնանցում։ Հարցի լուծումը հրատապ է։

«Ուշադրության կենտրոնում են հատկապես երեխաները, որոնք վազվզելով՝ երբեմն հեռանում են ափից, թաքնվում հարակից տարածքներում։ Էքստրեմալ ջրային սպորտաձեւերի սիրահարների անվտանգությունն ապահովելու համար անընդհատ կապ ենք պահում ջրային տեխնիկայի վարձույթով զբաղվողների հետ։ Եղել են դեպքեր, երբ մոտորանավակները խափանվել են կամ շրջվել, հասել ենք օգնության»,- ամփոփեց Երվանդ Նավասարդյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ