Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մայիսի արտակարգ դեպքերը

Մայիսի արտակարգ դեպքերը

607
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայիս ամսին իրականացրել են 1606 ելք, որից 431 (26,8 տոկոս)` արտակարգ դեպք, 712 (44,3 տոկոս)` կենցաղային կանչ, 97 (6 տոկոս)` կեղծ ահազանգ, 366 (22,8 տոկոս)՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ելքերի քանակն աճել է 165-ով (11,5 տոկոս): Արտակարգ դեպքերի մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Արմավիրում՝ 66, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 14: Արտակարգ դեպքերից զոհվել է 14 մարդ (այդ թվում՝ 2 կին եւ 1 երեխա), տուժել` 984 մարդ (այդ թվում՝ 251 կին եւ 161 երեխա): Փրկարարները 24 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի մայիսի համեմատ արտակարգ դեպքերի քանակն աճել է 125-ով, զոհերի քանակը նվազել է 9-ով, տուժածների քանակն աճել 182-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի առաջացման վերաբերյալ 325 ահազանգ (2017 թվականին` 298 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 173 դեպքում (2017 թվականին` 184 դեպք): 66 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017 թվականի մայիսին՝ 53), 77 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ 9 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակը նվազել է 11-ով: Հրդեհներից զոհվել եւ տուժել է մեկական մարդ: Նյութական վնասը՝ 48,5 միլիոն դրամ՝ 3,6 միլիոնով ավելի քան 2017-ի մայիսին:

173 հրդեհից 100-ը գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքում՝ 13, ամենաքիչը Վայոց ձորում՝ 3: Ըստ համայնքների ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքի քաղաքներում՝ 7 եւ Գեղարքունիքի գյուղերում՝ 9, ամենաքիչը Վայոց ձորի եւ Տավուշի քաղաքներում՝ մեկական եւ Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի գյուղերում՝ երկուական:

Այրվել է առավելապես աղբ՝ 32 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել բնակելի շենքեր՝ 25, առանձնատներ՝ 23, անասնակեր՝ 20, տրանսպորտային միջոցներ՝ 18, տնակ-ավտոտնակ՝ 14 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար

2018 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է 339 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 94-ով ավելի քան 2017-ի մայիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 9, վիրավորվել՝ 440 մարդ: Անցած տարվա մայիսի համեմատ զոհերի քանակը նվազել է 10-ով, տուժածների քանակն աճել 77-ով: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 177 դեպք բախումներն են: 76 դեպք՝ վրաերթ, 53 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 33 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Փլուզում

Մայիս ամսին հանրապետությունում գրանցվել է 14 փլուզում՝ մեկով քիչ քան 2017-ի մայիսին: 6 փլուզում գրանցվել է մայրաքաղաքում, 3-ը՝ Սյունիքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ական՝ Արմավիրի, Լոռու եւ Շիրակի մարզերում: Փլուզումները գրանցվել են բնակելի շինություններում եւ առանձնատներում՝ 7, արդյունաբերական օբյեկտներում՝ 2, ավտո եւ երկաթգծի ճանապարհների ինժեներական կառույցներում՝ 2 եւ այլ վայրերում:

Թունավորում

2018 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է թունավորման 449 դեպք: Զոհվել է 3, տուժել 455 մարդ: 2017 թվականի մայիսի համեմատ թունավորումների քանակն աճել է 45-ով, զոհերի քանակը՝ մեկով, տուժածներինը՝ 27-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են՝ ալկոհոլ՝ 161, դեղորայք՝ 125, քիմիական նյութեր՝ 68, սննդամթերք՝ 33, շմոլ գազ՝ 13 եւ այլն:

Թունավորումների մեծ մասը՝ 341 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ գրնցվել են Արմավիրում՝ 32, ամենաքիչը Վայոց ձորում՝ 2: Սյունիքի մարզում 2017 թվականի մայիսին թունավորում չի եղել:

Այլ դեպքեր

2018 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 5 հարձակում, 5 ուժեղ քամի, , 3 կայծակ, 3 տեղատարափ անձրեւ, 3 կարկուտ, 2 պայթյուն, 2 հեղեղում, 2 քարաթափում, 1 սողանք եւ այլն: