Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Կարեւորվում է հատուկ հաստատությունների անվտանգությունը

Վարժանքներ․ Կարեւորվում է հատուկ հաստատությունների անվտանգությունը

763
Տարածել

Շարունակվում են մարդաշատ վայրերում անցկացվող հատուկ տակտիկական ուսումնավարժությունները։ Հունիսի 11-13-ը տարհանման եւ հրդեհաշիջման թեմաներով վարժանքներ են իրականացվել մի շարք ուսումնական հաստատություններում։

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում վարժանքի ժամանակ ներգրավվել են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, շտապօգնության բրիգադ։ Ըստ պլանի՝ ամբողջ մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները՝ 360 հոգի, դուրս են եկել շենքից, միայն մեկ երեխա դայակի հետ արգելափակվել է հարկերից մեկում։ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արմեն Սարդարյանի հաղորդմամբ՝ փրկարարները կատարել են հետախուզական եւ որոնողափրկարարական աշխատանք։ Մանկապարտեզի բոլոր խաղասենյակներն ունեն վթարային ելքեր, ինչը հեշտացնում է տարհանումը, սակայն ոչ բոլոր մասնաշենքերում է հասանելի ազդանշանի ձայնը: Փրկարարները տնօրենին հրահանգել են վերացնել թերությունները։

Արմավիր քաղաքի «Անահիտ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներն աչքի են ընկել տարհանման ժամանակ ցուցաբերած կազմակերպվածությամբ։ Երկհարկանի քարե շենքը միացված է «ՍՕՍ սիսթեմս» հակահրդեհային համակարգին։ Արմավիրի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Մուշեղ Պետրոսյանի խոսքով՝ միակ խնդիրը ներքին ջրամատարակարարման ծորակների բացակայությունն է, տնօրինությանը խորհուրդ է տրվել լուծել հարցը։

Ստեփանավանի մարզադպրոցում անցկացված վարժանքը գնահատվեց լավ անձնակազմը բավական պատրաստված էր, տնօրինությունը՝ պատրաստակամ համագործակցության։ «Մարզադպրոցում վարժանքներ բազմիցս եղել են, անձնակազմը լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին, հստակ գիտի անելիքը։ Շենքի երկու ելքերը գործում են, ապահովված է հակահրդեհային անվտանգության բոլոր միջոցներով»,- ասաց Ստեփանավանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արարատ Այվազյանը։

Երեւանի թիվ 140 մանկապարտեզում կազմակերպված վարժանքի ժամանակ շենքի տեղակայությունն ու նեղ փողոցի պատճառով հրշեջ մեքենան չի կարողացել առավելագույնս մոտենալ շենքին, հաշվի են առնվել դրանով պայմանավորված վտանգները։ Երեւանի փրկարարական վարչության թիվ 4 ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Գեւորգ Կարապետյանը մանրամասնեց՝ շենքը չունի հակահրդեհային համակարգ, միայն կրակմարիչներ, բոլոր ելքերը հասանելի են։

Ուշադրությունից չէին վրիպել նաեւ հատուկ կրթական հաստատությունները։ Վանաձորի մանկատանը տագնապի ազդանշանը լսելուն պես տարբեր աստիճանի ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները՝ 48 հոգի, տարհանվել են եւ ներկայացել հաշվառման։ Մանկատան հրդեհաշիջման կազմավորումը փրկարարների հետ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքների։ «2 տարի առաջ չորս հերթափոխ մանկատանը վարժանք են արել, նվերներ տարել: Երեխաները ճանաչում են մեզ եւ մեր մեքենաները։ Կան ծնողազուրկներ, անկառավարելի վարքով սաներ. յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք», — նշեց Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հովիկ Սահակյանը։

Շենքն ունի հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, կրակմարիչներ, հակահրդեհային առաջնային միջոցներ, ներքին ջրացանց, 8 տարհանման ելք։ Վարժանքի ավարտին աշխատակիցներին բացատրվել է երեխաներին տարհանելիս թիմային աշխատանքի կարեւորությունը, կրկին խոսվել երկրաշարժի ժամանակ գործելակերպի մասին։

Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տարհանման հանձնաժողովը սաներին դուրս է բերել բակ, կատարել հաշվառում, ծավալվել է բուժկետ։ Դպրոցի խաղահրապարակում կան փոքրամասշտաբ գետնանցումներ, լուսացույցներ եւ կամուրջներ, որոնք երեխաների մեջ տարածքային կողմնորոշման հմտություններ են զարգացնում։ «Անձնակազմի պատրաստվածությունը բավարար է։ Շենքը հագեցած է հակահրդեհային ազդարարման համակարգով, ցանկալի է միանալ նաեւ «ՍՕՍ սիսթեմս» համակարգին՝ առավել խոցելի խմբերի անվտանգության նկատառումներով։ Կային հրշեջ- ծորակների հետ կապված խնդիրներ, առաջարկվել է փոխել դրանք։ Տարհանման ճանապարհները նշված էին դեղին գույնով: Դեղինի հանդեպ երեխաներն ավելի ընկալունակ են», — ասաց ԵՓՎ թիվ 5 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյանը:

Վարժանքներ են անցկացվել նաեւ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի եւ Երեւանի թիվ 141 մանկապարտեզներում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ