Գլխավոր Միջոցառումներ Վարժանք. Հանուն անվտանգ Երեւանի (լուսանկարներ)

Վարժանք. Հանուն անվտանգ Երեւանի (լուսանկարներ)

1274
Տարածել

Այսօր՝ հունիսի 12-ին Երեւանի Արտեմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ «Հակառակորդի հարձակման դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով: Մասնակցում էին 21 միավոր տեխնիկա 150 փրկարար եւ այլ ծառայությունների ներկայացուցիչներ. հրշեջ-փրկարար, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիտորինգի մասնագետներ, աղետների բժշկության կենտրոնի մասնագետներ, սակրավորներ, ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլցանցեր» ընկերությունների կարգախմբեր եւ վթարային սպասարկման խմբեր:

Ըստ սցենարի, հակառակորդի օդային հարվածից տուժած ինստիտուտում հրդեհ է բռնկվել, կա երկու տուժած, վնասված շենքի տարբեր հարկերում արգելափակված մարդիկ կան, ռմբակոծությունից տուժել է մեքենա, որում նույնպես արգելափակված մարդիկ կան, ռմբակոծությունից տուժած ինստիտուտի քիմիական լաբորատորիայում չպայթած ավիառումբ կա:

Բոլորը գիտեին իրենց անելիքը, խուճապ չկար: Ոստիկանները պահպանում էին տարածքը, փրկարարները կազմակերպում տարհանում, տուժած շենքից հանում էին վիրավորներին, ցուցաբերում առաջին օգնություն: Շտապ օգնության բրիգադները վիրավորներին տեղափոխում էին մասնագիտացված բուժհաստատություններ: Սրան զուգահեռ, «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլցանցեր» ընկերությունների վթարային խմբերն անջատեցին գազն ու հոսանքը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի խոսքով, նման վարժանքներով կատարելագործվում են կազմակերպությունների աշխատակիցների հմտություններն ու նրանք ավելի պատրաստ են լինում հնարավոր աղետներին եւ կարողանում են ճիշտ վարք դրսեւորել նախքան փրկարարների ժամանումը: Հետեւաբար որքան շատ վարժանք, այնքան լավ: Ներսես Նազարյանը գոհ էր ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներից:

«Նման վարժանքներ էլի են լինելու՝ մանկապարտեզներում, դպրոցներում, ծերանոցներում, հյուրանոցներում, առեւտրի եւ սննդի օբյեկտներում եւ այլուր: Միայն Երեւանում այս տարի 520 վարժանք է լինելու: ԱԻՆ-ը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքը դառնա անվտանգ բոլոր առումներով: Երեւանում չի լինելու մի օբյեկտ, որը ստուգված եւ անվտանգ չի լինելու», — մեզ հետ զրույցում ասաց Ներսես Նազարյանը:

Հայտնի է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի եւ ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերը: Ֆրանսիացի մասնագետները այցելել են Հայաստան, տեսնելու համար միջազգային այս հավաքների անցկացման վայրերը: Նշված սրահների հրդեհային անվտանության համակարգը, տարհանման պլանները գոհացրել են ֆրանսիացիներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ