Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են արշավախմբին

Փրկարարներն օգնել են արշավախմբին

662
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Արարատի, Կոտայքի, Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սարյանի անվան պուրակում քաղա­քացին բարձրացել է Սարյանի արձանի վրա, տարօրինակ շարժումներ է անում եւ չի ցանկանում իջնել: Հրշեջ-փրկարարներն արձանի վրայից իջեցրել են մոտ 20-ամյա աղջկան, ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության բաժին: Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացու անձնագիրն ընկել է շենքի փակ բնակարաններից մեկի պատշգամբ: Հրշեջ-փրկարարները իջեցրել են անձնագիրը: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սունդուկյան փողոցի մի շենքում բնակարանի դուռը փակ է, քաղաքացին մնացել է ներսում: Հրշեջ-փրկարարները 26-ամյա աղջկան պատշգամբով դուրս են բերել բնակարանից: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Չարենցավան քաղաքում բնակարանի բանալին ընկել է խաղահրապարակի մոտակայքում գետնի մեջ խրված խողովակի մեջ: Հրշեջ-փրկարարները բանալին դուրս են բերել խողովակից: Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում ար­շա­վախմբի 16 մասնակցից երկուսը հոգնածության պատճառով չեն կարողանում շարունակել արշավը: Հրշեջ-փրկարարներն արշավախմբի անդամներին (7 կին, 9 տղամարդ) ավ­տոմեքենայով մոտեցրել են մոտ 3 կմ հեռավորության վրա Կաքավասար գյուղում գտնվող  միկրոավտոբուսին: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բուրաստան գյուղում քաղաքացին արգելափակվել է գետի մեջ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ պատգարակով մոտ 600մ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ եւ այստեղ