Գլխավոր ՀՀ ՆԳՆ Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 45 երկրաշարժ եւ հետցնցում

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 45 երկրաշարժ եւ հետցնցում

928
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 65-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 45-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնցից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 6-ին, ժամը 17:07-ին: Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք գրանցվել է 4,3 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում` 5-6, Գյումրիում` 3-4 եւ Երեւան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 30-ից ավելի հետցնցում՝ 4 բալ եւ ավելի քիչ ուժգնությամբ: Հետցնցումները զգացվել են Սպիտակ, Վանաձոր եւ Ստեփանավան քաղաքներում:

Հայաստանում զգացվել է նաեւ hունիսի 5-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքի մատույցներում գրանցված 5,5 մագնիտուդով երկրաշարժը, որը երկրի մակերեւույթին արտահայտվել է 7-8 բալ ուժգնությամբ: Հայաստանի Հանրապետության՝ Տավուշի մարզում այն զգացվել է 4-5, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում՝ 3-4, Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզերում, Երեւանում` 2-3 եւ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 4 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 30 մարդ:

Տարածաշրջանում գրանցվել է 8 երկրաշարժ. մայիսի 31-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի Սարիղամիշ քաղաքի մատույցներում, նույն օրը Իրանում 3 բալ ուժգնությամբ 7 երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Քոթուր, Խոյ, Ահար քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանից դուրս 6  եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ