Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ. Կարեւորվում է կազմակերպությունների աշխատակիցների պատրաստվածությունը

Վարժանքներ. Կարեւորվում է կազմակերպությունների աշխատակիցների պատրաստվածությունը

321
Տարածել

Հունիսի 7-8-ը Երեւանի եւ մարզերի կրթական, մշակութային, առեւտրի կենտրոններում ու զբոսաշրջային օբյեկտներում անցկացվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Արզնի առողջարանում իրականացվեցին հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումներ։ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ջիվան Մխիթարյանի հաղորդմամբ՝ անձնակազմը լիովին տեղյակ է իր գործողություններից եւ անվտանգության կանոններից՝ նախկինում անցկացված դասախոսությունների շնորհիվ։ Տարհանմանը մասնակցել էին տեղացի եւ արտասահմանցի հանգստացողներ։ Նախորդ այցելության ժամանակ փրկարարներն առաջարկել էին տնօրինությանը ձեռք բերել հրշեջ-ծորակներ եւ կրակմարիչներ: Հիմա առողջարանն ունի հրդեհաշիջման առաջնային միջոցներ: Վերջերս վերանորոգված շենքի բոլոր ելքերը կիրառելի են, մասնաշենքերից մեկում նույնիսկ նոր դուռ է տեղադրվել։ Ադմինիստրացիայի կին-աշխատակիցներն ուսուցանվել են կրակմարիչների եւ փողրակների կիրառման կանոնները։

Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզում վարժանք առաջին անգամ էր անցկացվում, այդ պատճառով դաստիարակների շրջանում շփոթմունք կար: Փրկարարները ցույց են տվել տարհանման ճանապարհները, հաշվառման վայրը։ Մանկապարտեզն ունի հակահրդեհային վահանակ, բոլոր ելքերը հասանելի են։

Սպիտակի ՀՓՋ փրկարարները տարհանում են կատարել Միսիոներների բարեգործական կազմակերպության hայկական մասնաճյուղի Միսիոներական կենտրոնում։ Կենտրոնում խնամք է ստանում 25 առողջական խնդիր ունեցող երեխա։ «Մայր թերեզայի քույրերը՝ կաթոլիկ միսիոներները, պարբերաբար փոխվում են, անհրաժեշտություն է առաջանում կրկին ուսուցում կազմակերպել։ Կենտրոնին մեծ ուշադրություն ենք դարձնում, տարեկան նվազագույնը մեկ անգամ անձնակազմի եւ երեխաների տարհանում կատարում»,- ասաց Սպիտակի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը։

Փրկարարներն օգնել են երեխաներին դուրս գալ շենքից, բացատրել երկրաշարժի ժամանակ գործելու կանոնները։ Խնամակալներին խորհուրդ է տրվել դարակներն ու պահարանները չծանրաբեռնել իրերով, որոնք կարող են վտանգավոր լինել հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար։ Կենտրոնը մեկհարկանի կառույց է, ապահովված է հակահրդեհային ավտոմատ համակարգով։

Վարժանք է անցկացվել նաեւ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Գորիսի ՀՓՋ հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ մայոր Սամվել Մուսախանյանի խոսքով՝ շենքն ամբողջությամբ փայտաշեն է, առաստաղն ու հատակը՝ նույնպես, ինչը հրդեհի վտանգ է պարունակում։  Այդուհանդերձ թանգարանն ունի հակահրդեհային համակարգ, կրակմարիչներ, անվտանգության աշխատակից, որը հսկում է այցելուների անցուդարձը։

Հրազդանի թիվ 13 մանկապարտեզում տարհանումն ի ցույց դրեց դաստիարակների թերի  գիտելիքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր թեմաներով դասախոսություններ անցկացնել։ Հրազդանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Սամվել Դավթյանը մանրամասնեց՝  տարհանման ժամանակ շենքում հայտնաբերվել են խոչընդոտող գործոններ, խորհուրդ է տրվել անհապաղ վերացնել դրանք։

Վ.Աճեմյանի անվան Գյումրու պետական դրամատիկական թատրոնում անցկացված վարժանքը գնահատվել է լավ։ Շենքը եռահարկ է, ունի հակահրդեհային բոլոր միջոցները՝ կրակմարիչներ, հրշեջ-ծորակներ, հիդրանտ, բոլոր ելքերը գործում են։ Գյումրու ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Կարեն Աբգարյանը նշեց՝ շենքի անվտանգությունը լիարժեք հսկողության տակ է, քանի որ աշխատակիցներից ոմանք նախկին փորձառու հրշեջներ են։

Սիսիան քաղաքի «Դինա» հյուրանոցում մինչ փրկարարների ժամանելը կատարվել է անձնակազմի տարհանում։ Ըստ պլանի՝ ցուցադրվել է նաեւ այրվածքներով տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու եւ անվտանգ վայր տեղափոխելու գործողությունները։ «Նախապես ցուցումներ էինք տվել աշխատողներին՝ ինչպես հոսանքազրկել շենքը, օգտագործել կրակմարիչները։ Բոլորը՝ նույնիսկ մաքրության պատասխանատուները, տիրապետում էին տարհանման սխեմաներին, ելքերի տեղակայությանը»,- ասաց Սիսիանի ՀՓՋ հրամանատար,  փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանը։

Անվտանգության նկատառումներով ժամանակի ընթացքում հյուրանոցի բաղդատե տանիքը փոխարինվել է երկաթբետոնե ծածկով, տարհանման բոլոր ելքերը բաց են։

Վարժանքներ են անցկացվել նաեւ Արմավիր քաղաքի Իսահակյան առեւտրի կենտրոնում, Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը, Երեւանի թիվ 139 եւ թիվ 39 մանկապարտեզներում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ