Գլխավոր ՀՀ ԱԻՆ Բարի տիկնիկներ բարի մարդկանց համար

Բարի տիկնիկներ բարի մարդկանց համար

1960
Տարածել

Տեղեկացրել ենք,որ Արտակարգ իրավիճակների նախարարության թանգարանում բացված ԱԻՆ աշխատակիցների հեղինակած աշխատանքների ցուցադրությունում ներկայացված են եղել նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հաշվապահ Քրիստինե Առաքելյանի ձեռագործ տիկնիկները: Քրիստինեն պատվոգիր է ստացել:

«Դիմահարդարման արվեստին ծանոթանալու եւ սովորելու ցանկությունից է ծնվել այս ամենը: Որոշեցի ինքնուրույն ուսումնասիրել: 2016 թվականն էր», — մեզ հետ զրույցում ասաց Քրիստինեն:

Մասնագիտական գրականության ընթերցումից եւ համացանցային որոնումների՝ տեսանյութերի դիտումներից հետո Քրիստինեն սկսել է նկարչություն ուսումնասիրել: «Ասում են ամենադժվարը աչք նկարելն է: Սկսեցի աչք նկարելուց: Լավ ստացվեց: Ոգեւորվեցի, դեմք նկարեցի, լավ ստացվեց ու էլի ոգեւորվեցի: Տեսանյութերի մեջ պատահեցի կտորից տիկնիկ պատրաստելու հմտությունների մասին մի նյութ, նայեցի ու որոշեցի փորձել: Առաջին տիկնիկս պատրաստել եմ բացառապես ձեռքով՝ առանց կարի մեքենայի», — հիշեց Քրիստինեն:

Առաջին ձեռագործ տիկնիկը հիմա Ավստրալիայում է: Քրիստինեի ընկերուհին Եղեգնաձոր քաղաքում ձեռքի աշխատանք հուշանվերների վաճառքով է զբաղվում, տիկնիկը հավանել, տարել է: «Այդպես իմ տիկնիկը հայտնվեց բազմաթիվ այլ հուշանվերների կողքին: Հետո ընկերուհիս ինձ տեղեկացրեց, որ ավստրալիացի մի զբոսաշրջիկ գնել է տիկնիկս: Այդ օրը չեմ մոռանա՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ն էր: Այս ոգեւորությունը հիմք դարձավ, որ սկսեմ նոր տիկնիկներ պատրաստել: Արդեն կարի մեքենայի օգնությամբ: Հիմա արդեն 15-16 տիկնիկ եմ պատրաստել: Աշխատանքներովս հետաքրքրվողները կարող են միանալ Facebook սոցկայքում իմ էջին https://www.facebook.com/katelandcom/»:

ԱԻՆ-ում բացված ցուցահանդեսից հետո եւս 2 տիկնիկ է վաճառվել: Ամեն անգամ տիկնիկ պատրաստելիս Քրիստինեն նախապես որոշում է ինչպիսին պիտի լինի տիկնիկը, սակայն ընթացքում փոփոխություններ լինում են: Դեռ չի փորձել կոնկրետ մարդու կրկնօրինակ ստանալ, բայց բոլոր տիկնիկներին էլ նմանեցնում է իր ծանոթներից որեւէ մեկին: «Տիկնիկներն ավելի շատ աղջիկ են, դե իրենք մի քիչ թիթիզ են: Աշխատում եմ մռայլ գույներ չօգտագործել ու տխուր կերպարներ չստեղծել: Սրանք բարի տիկնիկներ են բարի մարդկանց համար»,- իր տիկնիկներին այսպես ներկայացրեց Քրիստինեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ