Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ֆրանսիայի հայ համայնքը սատարել է հայ փրկարար-ծանրամարտուհուն

Ֆրանսիայի հայ համայնքը սատարել է հայ փրկարար-ծանրամարտուհուն

942
Տարածել

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 25-29-ը Ֆրանսիայի Բերգ Սյուր Մեղ ծովափնյա քաղաքում անցկացված Փաուերլիֆտինգի Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցում էր ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, առաջին կարգի մասնագետ Գրետա Վարդանյանը։

Բազմակի մեդալակիր ծանրամարտուհին առաջին անգամ հանդես եկավ ավելի բարձր՝ 61 կգ քաշային կարգում։ Մրցակիցներն ինն էին, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբերջանի ներկայացուցիչներ։ Գրետային հաջողվեց 85 կգ արդյունքով առաջ անցնել նրանցից: Եվրոպայի առաջնությունում չորրորդ հորիզոնականը զբաղեցրած մեր մարզուհին իր քաշային կարգում աշխարհում հինգերորդ արդյունքն ունի։

Ցավոք, ինչպես երբեմն պատահում է խոշոր մրցաշարերում, այս անգամ եւս մրցավարները կողմնակալ վերաբերմունք էին ցուցաբերել։ Մարզիկների բողոքարկումն արդյունք չէր տվել, միավորներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցադրումները մնացել էին անպատասխան։

Ծանրամարտուհու խոսքով՝ մրցաշարի թեժ օրերին իրեն մեծ ուժ էին տվել Լիլ քաղաքում բնակվող հայերը, որոնք ամբողջ ընթացքում իր կողքին են եղել։  Մի ընտանիք տեղեկացրել էր ամբողջ համայնքին, որ իրենց հայրենակցուհին մրցման է գալու։ «Մեզ իրենց տուն հրավիրեցին։ Իսկական հայկական հյուրասիրություն էր․նույնիսկ բազմահարկ շենքի տակ մանղալ տեղադրեցին, խորոված արեցին։ Հայերը միանգամից տարբերվում են իրենց կենցաղով ու մարդասիրությամբ»,- հպարտացավ Գրետան։

Միակ ազատ օրվա ընթացքում հայ պատվիրակները պտտվել են Լա Մանշ նեղուցի շրջակայքում, ծովային հսկաների՝ փոկերի հանդիպել։ Գրետան զարմանքով նկատում է՝ ծովափնյա Բերգում լուսացույցներ չկան, այդուհանդերձ վարորդները մեկ հայացքից հասկանում են միմյանց, ճանապարհ զիջում։ Այստեղ ապրուստը թանկ է, հատկապես՝ ծխողների համար։

Առաջիկայում ծանրամարտի աշխարհի առաջնությունն է, որը կօգնի մարզիկին պարաօլիմպիական խաղերին ընդառաջ վարկանիշային միավորներ ձեռք բերել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ