Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարար-բազկամարտիկը՝ արծաթե մեդալակիր

Փրկարար-բազկամարտիկը՝ արծաթե մեդալակիր

882
Տարածել

Մայիսի 26-ից հունիսի 3-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց բազկամարտի եւ պարա-բազկամարտի Եվրոպայի բաց առաջնությունը, որին մասնակցում էր հայկական 14 հոգանոց պատվիրակությունը։ Մարզիկները մրցաշարից վերադարձան 7 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով։

Հայաստանի ներկայացուցիչների թվում էր Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից, տեխնիկական անվտանգության առաջին կարգի մասնագետ Հարություն Մխիթարյանը, որը 65 կգ քաշային կարգում՝ նստած-բռնված կատեգորիայում, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ «Նախկինում մեկ ոտքի վնասվածք ունեցողը կարող էր մրցել անվասայլակով մարզիկի հետ եւ մյուս վերջույթին ուժ տալով՝ առավելության հասնել նրա նկատմամբ։ Այս տարի օրենքները խստացվել էին, արդյունքներն արդար գնահատվեցին»,- նկատեց Հարությունը։

Մրցաշարին առաջին անգամ մասնակցող փրկարարը ձախ ձեռքով մոտեցմամբ հաղթել էր թուրք մարզիկին, ապա եզրափակչում զիջել բազկամարտում երկարամյա փորձ ունեցող ռուս Սերգեյ Վյատկինին։

Հարությունին շատերն առաջին հերթին որպես պրոֆեսիոնալ ծանրամարտիկ են ճանաչում։ Հայաստանի ծանրամարտի եւ հաշմանդամային ծանրամարտի բազմակի չեմպիոն է, իր քաշային կարգում բացարձակ հաղթող, նախագահի գավաթի մրցաշարի առաջատար։ Վերջին տարիներին մարզիկը նախապատվությունը բազկամարտին է տալիս․ այս սպորտաձեւում «կենդանի պայքար» կա, ադրենալին, ինտելեկտ։ Համոզվել է՝ կոպիտ ուժը ոչինչ չի որոշում, հաղթելու համար պետք է հակառակորդի թույլ կողմը գտնել։

Ընթացիկ տարում Հարությունը պատրաստվում է մասնակցել նաեւ Անկարայում կայանալիք բազկամարտի աշխարհի առաջնությանը եւ վարկանիշ ապահովել։ Լիահույս է՝ բազկամարտը որպես օլիմպիական մարզաձեւ դարձնելու շուրջ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինքն էլ 2020 թվականի Տոկիոյի ամառային խաղերում դրսեւորվելու հնարավորություն կունենա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ