Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Բալահովիտի զինպահեստների հրդեհը․ հրշեջի հուշերից (լուսանկարներ)

Բալահովիտի զինպահեստների հրդեհը․ հրշեջի հուշերից (լուսանկարներ)

1109
Տարածել

1992 թվականի ապրիլի 8-ի գիշեր։ Հրդեհվում են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստները, ականներ են պայթում։ Գյուղը մոտ է Երեւան եւ Աբովյան քաղաքներին:

Դեպքի վավերագրողներից մեկի հուշագրություններում կարդում ենք․ «Գիշերվա ժամը 3-ին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով եթեր հեռարձակվեց արտակարգ թողարկումը: Իշխանությունները տեղեկացնում էին ստեղծված կացության եւ այն մասին, որ կառավարությանն առընթեր ձեւավորվել է օպերատիվ շտաբ: Բալահովիտ գյուղի, Աբովյան քաղաքի եւ մերձակա բնակավայրերի բնակիչներին առաջարկվեց շտապ կարգով լքել իրենց տները: Երեւանի Արաբկիր եւ Սովետական շրջանների քաղաքացիներին եւս խորհուրդ տվեցին տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոն կամ ծայրահեղ դեպքում թաքնվել նկուղներում»։

Սրանից ոչ շատ անց լուրեր էին պտտվում թե այնպիսի զինատեսակներ են կրակի մեջ, որոնց պայթյունի հարվածը կարող էր մի քանի կիլոմետրի հասնել: Բարեբախտաբար, ավելի ուշ պարզվեց, որ դրանց պայթուցիչն առանձնացված է եղել ու Աբովյանն ու Երեւանը զերծ մնացին մեծ վնասներից։

Ըստ մարդկանց պատմածի, Հայաստանի իշխանություններն անմիջապես կապ էին հաստատել Մոսկվայի հետ՝ ՌԴ փոխվարչապետ Գենադի Բուրբուլիսին խնդրելով օգնել տեխնիկայով, վառելիքով, մասնագետներով: Այդ օրերին առաջին անգամ կիրառվեց հրդեհաշիջման համար նախատեսված ԻԼ-76 ինքնաթիռի նոր` մոդիֆիկացված տարբերակը: Ինքնաթիռը յուրաքանչյուր թռիչքի ժամանակ 30 մետր բարձրությունից հրդեհի օջախների վրա էր լցվում 30 տոննա ջուր։ «Երկրորդ թռիչքի ժամանակ պայթյուններն ահագնացան, եւ օդանավի անձնակազմին հրաշքով հաջողվեց անվնաս դուրս գալ «մահվան գոտուց»: Այդպես շարունակվեց մինչեւ մթնելը: Երեկոյան տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հրդեհը հիմնականում մարված է ու մարդիկ կարող են վերադառնալ:

Պաշտոնական տվյալներով, Բալահովիտում ոչնչացավ 143 վագոն զինամթերք՝ 5000 НУРС տիպի ռեակտիվ, 30 հազար զենիթային, 10 հազար տանկային ական, հազարավոր հակատանկային ականներ ու փամփուշտներ: Դրանց բեկորների մի մասը հայտնվել էր զինպահեստից 7 կիլոմետր հեռավորության վրա: Վիրավորվեց 7 տեղացի, ավերվեցին տներ, փշրվեցին ապակիներ։ Աղետի վայրից ու շրջակա բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվեց 300 հազար մարդ:

Այդ օրերին Աբովյանի հրշեջ-մասի հրշեջ Եղիշ Զաքարյանը հիշում է՝ պայթյունի մասին լուրը լսելուն պես ամբողջ ջոկատն իրար գլխի էր հավաքվել եւ դեպքի վայր մեկնել։ Կարճ ժամանակում տարբեր բովանդակությամբ ահազանգեր էին ստացվում՝ այրվում են Բալահովիտի տնտեսական պահեստն ու հարակից տնակները, չոր խոտածածկը, Աբովյանի սրբիչի գործարանում փլուզում կա՝ հրթիռի ընկնելու պատճառով։ Տարածքին քաջածանոթ հրշեջները հրդեհաշիջմանը զուգահեռ դեպի հրդեհի օջախներ էին ուղեկցում նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Մեկ շաբաթ տուն չէինք գնում։ Երեւանից հրշեջ-խմբեր եկան մեզ օգնության, իսկ Աբովյանի խոշոր օբյեկտների հատուկ պահպանության ջոկատները միացան իրենց մեքենաներով։ Մոսկվայից ժամանած երկու մարտական հաշվարկ տեղակայվել եւ հերթապահություն էր իրականացնում հրշեջ-մասի բակում։ Վտանգի հետագա զարգացումն անկանխատեսելի էր, երկնքից քարեր ու զենքի բեկորներ էին թափվում։ Եղել է՝ կրակին մոտ հեռավորությունից ենք հրդեհաշիջում արել, «դատարկ» ձեռքերով․ այսօրվա տեխհագեցվածությունը չկար»,- ասում է նախկին հրշեջը։

Բարեբախտաբար զոհեր չեղան։ Ջոկատում ստեղծված օպերատիվ շտաբը կազմակերպված տարհանում իրականացրեց, տասնյակ ավտոբուսներ բնակիչներին տեղափոխեցին հեռու համայնքներ՝ հարազատ-բարեկամի տուն։ Բալահովիտին հարակից գյուղերում մնացին հիմնականում տարեցները, որոնք չցանկացան լքել իրենց տունը։ Հրդեհի վերջնական մարումից հետո սակրավորական խմբերը հավաքեցին վնասված զինամթերքն ու տարան ոչնչացման։

Դեպքի ժամանակ հրշեջ Եղիշ Զաքարյանը դեռ երկար ծառայեց, դարձավ դասակի հրամանատար, կապիտան, զորացրվեց: Դեպքից 26 տարի անց տեղանքով զբոսնելիս Եղիշ Զաքարյանը դեռ զենքի մնացորդներ է գտնում։ Լիահույս է՝ պատերազմ ապրած ժողովրդի համար Բալահովիտի դեպքը դաս կլինի, անվտանգությունը կդառնա ապրելակերպի բաղադրիչ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ