Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Գրանցվել է 20 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների եւ Շիրակի, Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:
Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վարշավյան փողոցի շենքերից մեկում քաղաքացու ձեռքն արգելափակվել է շենքի վերելակի դռան եւ պատի միջեւ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 32-ամյա տղամարդու ձեռքը դուրս են բերել արգելափակումից: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացու մատանին ընկել է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում գտնվող հեղեղատարի դիտահորը: Հրշեջ-փրկարարները մատանին հանել են դիտահորից: Նույն վարչական շրջանում ահազանգ է ստացվել, որ բնակարանի բնակչի մատն այտուցվել է, մատանին դուրս չի գալիս: Հրշեջ-փրկարարները 34-ամյա կնոջ մատանին հանել են այտուցված մատից:
Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վերին Գետաշենի գյուղապետարանի մուտքի դուռը փակվել է, աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել գյուղապետարանի շենք։ Պարզվել է գյուղի բողոքավոր բնակիչների մի խումբ փակել է գյուղապետարանի դուռը եւ թույլ չի տալիս որպեսզի գյուղապետարանի աշխատակիցները մտեն ներս: Փրկարարների կարիք չկա։
Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ եւ այստեղ